Լրահոս
Օրվա լրահոսը

Չկարողանալով տոկոսները վճարել՝ վաճառել է տունը եւ հողամասը

Նոյեմբեր 13,2012 13:44

Նոյեմբերի 6-ին ՀՀ գլխավոր դատախազին է դիմել քաղաքացի Ներսես Պողոսյանը:

Նա բողոքում է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ Ա. Արամյանի կողմից կայացրած մի որոշման դեմ: Ըստ այդ որոշման, կարճվել է քրեական գործի վարույթը:

Ներսես Պողոսյանը հաղորդում էր տվել ոստիկանություն, ինչն էլ առիթ էր դարձել քրեական գործ հարուցելու:

Ն.Պողոսյանը ներկայացրել էր իր եւ Լուսինե Այվազյանի (ԵՊՀ իրավաբանականի դասախոս Նորիկ Այվազյանի դստեր) միջեւ կնքված փոխառության եւ գրավադրման պայմանագրերը: Պողոսյանը գրավ էր դրել Կոտայքի մարզի Պտղնի գյուղի իր տունը, հողամասը՝ դրա դիմաց Լ. Այվազյանից ստանալով 25. 410. 000 ՀՀ դրամ:

Ըստ Ն.Պողոսյանի, ինքը նաեւ վճարել էր Լուսինեին, նրա ամուսնուն՝ Արմենակ Դալիբալթյանին, Կենտրոնական բանկի կրկնապատիկը գերազանցող տոկոսներ՝ ամսական 4000 դոլար, շուրջ 1, 5 տարի, իր իսկ պնդմամբ՝ վճարել էր նաեւ 90 000 դոլար մայր գումարը:

Ըստ քրեական գործ հարուցելու մասին որոշման. «Շարունակելով որպես արհեստ ընտրած իր հանցավոր գործունեությունը, 2009թ. դեկտեմբերի 26-ին առաջին երեք ամիսն ամսական 3,5, այնուհետեւ 5 տոկոս վճարելու պայմանով, Ն.Պողոսյանին պարտքով գումար տրամադրելու դիմաց, Ա.Դալիբալթյանը պահանջել եւ նոտարական կարգով վավերացված հիփոթեքային պայմանագրով կնոջ՝ Լուսինեի անունով որպես գրավ է ձեւակերպել Ներսեսի եղբոր՝ Հակոբ Պողոսյանի, նրա կնոջ՝ Նունե Առաքելյանի, որդիների՝ Ցոլակ եւ Դավիթ Պողոսյանների համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակարանը»:

Ն.Պողոսյանի ներկայացուցիչ՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մկրտիչ Դավթյանի տեղեկատվության համաձայն, Ա.Դալիբալթյանը Բագրատաշենի սահմանային կետում բերման է ենթարկվել եւ կասկածվել էր վաշխառության մեղադրանքով:

Սակայն հետագայում նրա նկատմամբ ընտրվել է քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունը:

Ներսես Պողոսյանը ՀՀ գլխավոր դատախազին դիմելով՝ հայտնում է, որ որպեսզի կարողանա փակել Լուսինե Այվազյանի կողմից իրեն տված գումարներն ու տոկոսները, վաճառել է Պտղնիի տունը, հողամասը, նույն գյուղում գտնվող եւս երկու հողամասերը՝ 800քմ, Երեւանում գտնվող բնակարանը: Նա ներկայումս բնակվում է վարձով:

Ուշադրության արժանի է այն, որ մինչ գործը կարճվելը, Ն.Պողոսյանը տուժող էր ճանաչվել:

Ն.Պողոսյանի ներկայացուցչի գնահատմամբ, նախաքննության մարմնի տրամադրության տակ գտնվող փաստաթղթերով հիմնավորվել էր, որ Լուսինեն եւ նրա ամուսինը տարբեր ժամանակահատվածներում տոկոսով գումարներ են վերցրել, ինչի արդյունքում տոկոսառուն ընկել է ծայրահեղ վիճակի մեջ, վաճառելով ինչքը:

«Արդյոք, այս քրեական գործի կարճումը հովանավորչություն չէ՞, արդյոք սրանով պաշտպանելով վաշխառուի անօրինական գործողությունները, դրանով պայմաններ չի՞ ստեղծվում, որ վաշխառուն խուսափի հարկային պարտավորություններից, չի՞ խրախուսվում վաշխառուի գործողությունները, չի՞ վնասվում հանրային շահը»,- հարցնում է Ն.Պողոսյանի ներկայացուցիչը:

Ըստ փաստաբան Մկրտիչ Դավթյանի, տվյալ քրեական գործով քննիչը պատշաճ իրավական գնահատական չի տվել ձեռք բերված ապացույցներին:

Ն.Պողոսյանը բողոքարկել է քննիչի կայացրած կարճման որոշումը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ. Գ. Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում Ա.Դալիբալթյանի քաղաքացիական հայցը՝ Ն.Պողոսյանից եւ նրա եղբորից գումար պահանջելու մասին:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930