Մայրը պնդում է, որ հատուկ խնամքի կարիք ունեցող իր երեխաները առանց իրեն հոր մոտ կենթարկվեն հոգեբանական բռնության
Մերի Մարտիրոսյանի խնամքին գտնվում են երկու անչափահաս հաշմանդամ երեխաներ: Երեխաներից մեկը՝ Սիրանույշը, ծնվել է մանկական ուղեղի կաթվածով եւ տեղաշարժվում է միայն անվասայլակի օգնությամբ։ Բժշկական հետազոտությունների արդյունքում երեխայի մոտ ախտորոշվել են հետշարժողական համակարգի խախտումներ, տեսողության 50%-ի չափով կորուստ: 12-ամյա Սիրանույշը հոգեկան առողջության խնդիրներ էլ ունի:
Մերիի որդին՝ Սամվելը, աուտիկ է եւ հաշվառված է մանկական հոգեբուժական դիսպանսերում: Հինգ տարի է՝ տիկին Մերին իր հաշմանդամ երեխաներին մենակ է մեծացնում: Բնակարան չունենալու եւ վարձով բնակվելու հոգսն էլ ավելի է բարդացնում այս ընտանիքի վիճակը: Այդքան խնդիրներով հանդերձ՝ Մերի Մարտիրոսյանը տեւական ժամանակ է՝ դատարանների դռներն է. պայքարում է երեխաների հոր՝ Հայկ Պապյանի դեմ, որը դատարանի միջոցով տիկին Մերիից պահանջում է երեխաների տեսակցություն՝ առանց մոր ներկայության:
Կարդացեք նաև
«Առավոտի» հետ զրույցում Մ. Մարտիրոսյանն ասաց, որ ինքն ամենեւին էլ դեմ չէ, որպեսզի երեխաների հայրը նրանց տեսնի, տանի զբոսանքի կամ դասի, սակայն տիկին Մերին պնդում է, որ առանց իրեն երեխաները շատ լուրջ խնդիրների առաջ կկանգնեն, ինչը հաշմանդամ երեխաներին միայն վնաս կպատճառի: Այդուհանդերձ, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Հայկ Պապյանի հայցը: Դատարանը վճռել է Հայկ Պապյանի համար սահմանել երեխաների հետ տեսակցություն շաբաթը 2 անգամ՝ 3-ից 5-ը կես ժամով՝ մոր բացակայությամբ: Տիկին Մերիի փաստաբանը առաջին ատյանի վճիռը բողոքարկել է վերաքննիչ դատարանում՝ պատճառաբանելով, որ դատարանը խախտել է «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի, Ընտանեկան օրենսգրքի եւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածներ:
Մեզ հետ զրույցում Մ. Մարտիրոսյանը պատմեց, որ դատարանը հաշվի չի առել երեխաների համար էական նշանակություն ունեցող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են նրանց տարիքը, երեխաների մոտ առկա ծանր առողջական խնդիրները, մշտական դեղորայք ընդունելու, խնամքի եւ սնվելու հատուկ ռեժիմ ունենալու փաստերը, մշտական մայրական խնամքի կարիք ունենալը, տեւական ընդմիջումների պատճառով հոր հետ հոգեբանական կապի բացակայությունը, վերջինիս հետ առանց մոր երկարատեւ շփման դեպքում հնարավոր վնասները (դեպրեսիա, վախ, հոգեկան վիճակի սրացում) եւ այլն: Տիկին Մերին պատմեց, որ 5 տարի առաջ իրենք ամուսնալուծվել են, եւ մինչ օրս երեխաներն ամբողջությամբ գտնվել են իր խնամքին։ Մ. Մարտիրոսյանի խոսքերով՝ թե՛ դատարանը, թե՛ պետական կամ այլ մասնավոր կառույցներ առաջին հերթին պիտի առաջնորդվեն նրանով, որ նրանց որոշումներն ուղղված լինեն երեխայի լավագույն շահերին. «Ծնողական իրավունքներն իրականացնելիս ծնողներն իրավունք չունեն վնաս պատճառելու երեխաների ֆիզիկական եւ հոգեկան առողջությանը, նրանց բարոյական զարգացմանը»:
ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանին ուղղված դիմումում տիկին Մերիի ներկայացուցիչը ներկայացրել է հետեւյալ փաստարկները, թե ինչո՞ւ հաշմանդամ երեխաները չեն կարող առանց մոր հանդիպել հորը. «Սիրանույշ եւ Սամվել Պապյանները տարիներ շարունակ բոլոր առումներով ամբողջությամբ գտնվել են Մերի Մարտիրոսյանի խնամքին եւ դաստիարակությանը, ունեն համապատասխան դեղորայք եւ հատուկ սննդակարգ ընդունելու ժամանակացույց, որին քաջատեղյակ է միայն պատասխանողը, ամենուր՝ հանգստի եւ ժամանցի վայրերում, բժշկական հաստատություններում, նույնիսկ դպրոցում դասերի ժամանակ Մերի Մարտիրոսյանը մշտապես գտնվում է երեխաների կողքին, որի անհրաժեշտությունը մի կողմից՝ պայմանավորված է Սիրանույշ Պապյանի մոտ հասունացման շրջանում առաջացած մի շարք խնդիրներով, մյուս կողմից՝ Սամվել Պապյանի հոգեկան առողջական վիճակով: Կողմերի փաստացի բաժանման օրվանից երեխաները երբեւէ առանց մոր ներկայության չեն շփվել հոր՝ Հայկ Պապյանի հետ: Երեխաների դպրոցի հոգեբան Անուշ Հովհաննիսյանի կողմից վերջիններիս անհատական հոգեբանական առանձնահատկությունների եւ հուզական վիճակի վերաբերյալ արված տեղեկանքների համաձայն՝ մոր ներկայությունը դստեր եւ հոր հանդիպման ժամանակ ցանկալի է՝ երեխայի շահերից ելնելով, իսկ մոր ներկայությունը հայր եւ որդի հանդիպման ընթացքում խիստ անհրաժեշտ է»։
Նկատենք, որ դատարանը մերժել է նաեւ պատասխանող Մ. Մարտիրոսյանի միջնորդությունները՝ վկաներ հրավիրելու վերաբերյալ, որոնց ցուցմունքներով լրացուցիչ անգամ կարող էին համոզվել, որ երեխաների եւ հոր միջեւ տեսակցությունների եւ շփումների ժամանակ մոր՝ Մերի Մարտիրոսյանի ներկայությունն անհրաժեշտ է: Տիկին Մերին մեզ հետ զրույցում նաեւ պատմեց, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հոգաբարձության եւ խնամակալության մարմինը, որի որոշումն է դատարանում գլխավոր հիմքերից մեկը, թերացել է իր աշխատանքում եւ պատշաճ չի այցելել ընտանիք, չի ծանոթացել ու ուսումնասիրել երեխաների առողջական վիճակի մասին բժշկական փաստաթղթերը եւ այդ պատճառով էլ սխալ եզրակացություն է ներկայացրել դատարան: Բացի այդ, Ընտանեկան օրենսգրքի 44-րդ հոդվածի համաձայն՝ տասը տարին լրացած երեխայի կարծիքը հաշվի առնելը պարտադիր է, սակայն սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում տասը տարին լրացած երեխայի վերաբերյալ խնամակալության եւ հոգաբարձության մարմինը կամ դատարանը կարող են որոշում ընդունել միայն նրա համաձայնությամբ. «Չնայած, որ գործի քննության շրջանակում երեխաները դատարանում պնդել են, որ չեն ուզում տեսակցել եւ շփվել հոր հետ առանց մոր ներկայության, դատարանը երեխաների կարծիքն էլ հաշվի չի առել»: Ըստ Մ. Մարտիրոսյանի. «Եթե անգամ ընդունենք, որ դատարանը հոր հետ երեխաների տեսակցության կարգ սահմանելիս առաջնորդվել է միմիայն երեխաների լավագույն շահերով, ապա առնվազն տրամաբանական կլիներ, որ դատական ակտը պարունակեր նվազագույն հիմնավորումներ այն մասին, թե ինչ նկատառումներից ելնելով դատարանը հաշվի չի առել երեխաների առողջական հոգեբանական խնդիրները եւ բացառել հոր հետ առանց մոր ներկայության երեխաների երկարատեւ շփման դեպքում հնարավոր վնասները: Գտնում ենք, որ տվյալ դեպքում կայացված դատական ակտը չի երաշխավորում երեխաների իրավունքների առաջնային պաշտպանությունը, որի արդյունքում երեխաները կարող են ենթարկվել հոգեկան բռնության»:
Տիկին Մերին վարչական դատարանից խնդրում է մասնակիորեն բեկանել առաջին ատյանի որոշումը՝ սահմանելով տեսակցություն մոր ներկայությամբ:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ