Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ընդդիմության հույսին որ թողնենք՝ չի լինի, էլի»

Նոյեմբեր 13,2012 13:33

Ընդամենը 5 ամիս առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը գտնում էր, որ Հայաստանի համար ճիշտը կոռուպցիայի դեմ պայքարի էվոլյուցիոն ճանապարհն է: Մինչդեռ նոյեմբերի 1-ին կառավարության նիստում վարչապետը հայտարարեց կոռուպցիայի դեմ պայքարի վիրահատական մեթոդների անհրաժեշտության մասին: Ինչո՞վ է պայմանավորված այս փոփոխությունը՝ կոռուպցիայի դեմ պայքարի էվոլյուցիոն քաղաքականության ձախողումն ընդունելու եւ այն վերանայելու պատրաստակամությա՞մբ, թե՞ նախընտրական գործընթացներով: Այս հարցի շուրջ «Դեմ առ դեմ» բանավիճում են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը եւ «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:  Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ:

Սուքիաս Ավետիսյան- Ցավոք, այսօր անընդհատ շոշափվում է այն թեզը, որ այս պայքարը նախընտրական է: Բայց այն նոր չի սկսվել: Դուք շատ լավ գիտեք, որ դեռ երկու տարի առաջ եղան լուրջ բացահայտումներ սոցիալական ապահովության բնագավառում, շատ մեծ թվերի մասին խոսք գնաց, եղան Վերահսկիչ պալատի ստուգումները, որոնց արդյունքում մարդիկ ազատվեցին աշխատանքից, այնուհետեւ ձերբակալվեցին: Իսկ թե ինչու հինգ ամիս առաջ՝ հունիսին, այդ պայքարը էվոլյուցիոն էր, իսկ հիմա՝ վիրահատական, որովհետեւ ընթացքում տարբեր բնագավառներում ի հայտ եկան բացահայտ փաստեր:

«Առավոտ»- Դրանք այդ հինգ ամսվա ընթացքո՞ւմ ի հայտ եկան:

Ս. Ա.- Այո, այդ հինգ ամսվա մեջ, որովհետեւ մինչ այդ դրանք այդպես խորությամբ չէին երեւում, չնայած որ հանրապետության նախագահը բազմիցս ասել է, որ պետք է դրա դեմ միասնական պայքար մղենք:

Արմեն Մարտիրոսյան- Նույնիսկ եթե այս ամենը պայմանավորված է նախընտրական գործընթացներով, ես շատ նորմալ եմ դրան վերաբերում, որովհետեւ քաղաքական գործունեության ընթացքում՝ քարոզչաշրջանում, որոշ RP քայլեր անհրաժեշտ են լինելու: Իսկ թե բացի PR-ից՝ արդյոք այս ամենն ունի՞ նաեւ բովանդակային նշանակություն, ապա ես կարծում եմ, որ եթե իշխանությունն ունի այդ քաղաքական կամքը կոռուպցիայի դեմ պայքարի…

Ս. Ա.- Հաստատ ունի:

Ա. Մ.- Այդ դեպքում, բնականաբար, կան դրա համար անհրաժեշտ գործիքները, համենայնդեպս՝ «Ժառանգությունը» մասնակցել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի վերջին նիստին եւ ներկայացրել դրա իրականացման 26 կետանոց առաջարկությունների փաթեթ: Եվ եթե իշխանությունը իրոք ցանկանում է բարելավել կոռուպցիայի դեմ պայքարը, ապա «Ժառանգության» առաջարկները կընդունի: Հակառակ պարագայում, եթե սա իմիտացիոն PR ակցիա է լինելու…

Ս. Ա.- Պարոն Մարտիրոսյան, հաստատ PR ակցիա չէ: Բայց պարտադիր չէ, որ ձեր բոլոր առաջարկություններն ընդունվեն, եւ այնպես չէ, որ եթե մեկ կամ մի քանի առաջարկություն չի ընդունվում, ուրեմն չենք ուզում պայքարել: Պայքարը վճռական է լինելու, եւ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի այդ նիստը խոսում է նաեւ այդ մասին: Ցանկալի է, որ բոլոր քաղաքական ուժերը մեզ հետ միասին մասնակցեն այդ պայքարին:

«Առավոտ»- Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդն, ըստ կանոնադրության, պետք է նիստեր գումարի ոչ պակաս, քան եռամսյակը երկու անգամ, մինչդեռ այն առնվազն վերջին եռամսյակում նիստ չէր գումարել:

Ա. Մ.- Եթե նրանք ամեն օր էլ նիստ գումարեին, խորհուրդը, միեւնույն է, ոչինչ չէր կարողանալու անել: Խորհուրդն ընդամենն առաջարկներ պետք է ներկայացներ, ինչը եւ արել է, սակայն դրանք չեն իրականացվել, արվել են վարչապետի պատկերացրած էվոլյուցիոն ինչ-որ քայլեր, որոնց արդյունքում, ինչպես նշեց հենց իրենց զեկուցողներից մեկը, որքան քայլեր են արվել, դրան հակառակ՝ այդքան խորացել է կոռուպցիան: Հիմա՝ կոռուպցիան համակարգային բնույթ ունի մեզանում, հետեւաբար պետք է դրա դեմ պայքարել համակարգային ձեւով: Այս տարիների ընթացքում մենք մի քանի համակարգային առաջարկներ արել ենք, որոնք չեն ընդունվել, հիմա հույս ունենք, որ այս անգամ դրանք գոնե կընդունվեն: Նախ եւ առաջ մենք ասում ենք՝ վերահսկողական լծակները պետք է տրվեն ընդդիմությանը, եւ մասնակիորեն նաեւ քաղաքացիական հասարակությունը պետք է մասնակից դառնա:

Ս. Ա.- Մենք այս հարցի մասին Ձեզ հետ խոսել ենք նաեւ նախկինում՝ ԱԺ-ում՝ Վերահսկիչ պալատի հետ կապված: Բայց այստեղ հարցը հետեւյալն է. լծակ տալ կամ մասնակից դարձնել հակակոռուպցիոն այս աշխատանքներին՝ ես այստեղ էական տարբերություն այս պահին չեմ տեսնում:

Ա. Մ.- Մեր մասնակցությունը լծակ տալով է լինելու: Որովհետեւ եթե մենք ընդամենը պետք է նստենք առանց լծակի, ապա դուք կարող եք եւ առանց մեզ…

Ս. Ա.- Բայց եթե դուք եւս մասնակցում եք, դուք եւս բարձրաձայնում եք, տեսնում եք այն տեղերը, որտեղ հարկավոր է ավելի վճռական պայքար տանել…

Ա. Մ.- Դե, դա արդեն անցած էտապ է՝ մասնակցել ենք, տեսել ենք: Օրինակ՝ Լարիսա Ալավերդյանը ամենասկզբում այդ հակակոռուպցիոն հանձնաժողովի անդամ էր (ըստ կանոնադրության, հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովում ընդգրկվում են նաեւ ԱԺ խմբակցությունների եւ խմբերի մեկական ներկայացուցիչներ – Ա. Ս.) եւ մասնակցում էր, սակայն քանի որ գնաց եւ տեսավ, որ այնտեղ աշխատանք չկա, ընդամենը ժամավաճառություն է, եւ իրական գործ այդպես էլ չարվեց, ինչի մասին այսօր իշխանությունն ինքն է, ըստ էության փաստում, ուստի մենք դադարեցրինք մեր մասնակցությունը, քանի որ ժամավաճառության խնդիր չունենք լուծելու: Դրա համար եմ ասում՝ մասնակցությունը լինում է լիազորություններով, որքան լիազորություն ես ունենում, այնքան մասնակցությանդ աստիճանը մեծանում է:

«Առավոտ»- Պարոն Ավետիսյան, եթե իշխանության նպատակը կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարն է, ինչո՞ւ եք դեմ ընդդիմությանը որոշ վերահսկողական լծակներ տալուն:

Ս. Ա.- Ոչ թե դեմ ենք, այլ դա քննարկելու խնդիր է: Այսօր պետք է հասկանալ, թե որ քաղաքական ուժը որ լծակներն է ուզում:

Ա. Մ.- Մենք ոչ թե անունների խնդիր ենք դնում, այլ համակարգի:

Ս. Ա.- «Ժառանգությունն» արդեն չորրորդ տարին է՝ ասում է՝ մեզ տվեք Վերահսկիչ պալատի լծակները: Հիմա մյուս քաղաքական ուժը կգա, կասի՝ մեզ տվեք մյուս լծակները:

Ա. Մ.- Ես ոչ թե ասում եմ՝ «Ժառանգությանը» տվեք, այլ ասում եմ՝ ընդդիմությանը: Ընդդիմությունն ինքը կարող է շատ հանգիստ լծակների վերաբաշխումը կատարել:

Ս. Ա.- Ընդդիմության հույսին որ թողնենք վերաբաշխումը՝ չի լինի, էլի:

 

Բանավեճը վարեց ԱՐԵՎԻԿ Սահակյանը

Նախագիծն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ծրագրի շրջանակներում:

 

Բանավեճն ամբողջությամբ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930