Լրահոս
Օրվա լրահոսը

«Պաշտոնական» օրակարգից դուրս

Նոյեմբեր 13,2012 13:17

Կուսակցական նոմենկլատուրայի բարձրաստիճան ներկայացուցիչները (կարեւոր չէ՝ իշխանամետ, թե ընդդիմադիր) ունեն մի հետաքրքիր սովորություն՝ ձեւ անել, որ իրենք ներկուսակցական եւ միջկուսակցական բոլոր տեսակի խարդավանքներին տեղյակ են, եւ այդ սրբազան գիտելիքին հաղորդակից լինելը իրենց այնքան բարձր է դասում շարքային մահկանացուներից, որ կարելի է վերջիններիս չնկատել: Իսկ եթե նկատում են, դա այնպիսի մի լավություն է, որի տակից այդ մահկանացուները երբեք դուրս չեն գա: Ըստ այդմ, երբ լրագրողները նրանց հարցնում են՝ այդ ինչի մասին էիք դուք բանակցում այլ կուսակցականների հետ, նրանք իսկույն փքվում են հնդկահավերի պես եւ առեղծվածային ձայնով արտաբերում՝ «դա գաղտնիք է»:

Իհարկե, մենք՝ լրագրողներս, այսպես ասած, «ի պաշտոնե» պարտավոր ենք նման հարցեր տալ: Բայց նրանց, ովքեր այդ «քաղաքական կոնսուլտացիաների» հետ ինչ-որ հույսեր են կապում, շտապում եմ տեղեկացնել՝ նման «պաշտոնական» բանակցությունների ժամանակ ոչ մի խնդիր չի լուծվում: Քաղաքականությունն արտացոլում է ոչ թե փքված կուսակցականների «գաղտնիքներին տիրապետելու» ամբիցիաները, այլ ուժերի իրական հարաբերակցությունը: Ասելով «ուժերի»՝ նկատի ունեմ ոչ միայն փողը, ուժային եւ վարչական լծակները, որտեղ իշխանության հետ ոչ ոք չի կարող մրցել, այլեւ հեղինակությունը, հասարակական աջակցությունը, արտաքին ուժերի աջակցությունը, որոնք կուսակցությունները ունեն բավարար կամ ոչ բավարար չափով: Իսկ այդ հանդիպումները, քննարկումները եւ այլն գուցեեւ մի քիչ օգնում են հասկանալու, թե ինչպիսին է ուժերի հարաբերակցությունը, բայց կարեւորն այստեղ ոչ թե «պաշտոնական» օրակարգն է, այլ թերեւս այն ինտոնացիան, որով «բարձր պայմանավորվող կողմերը» շարադրում են իրենց տեսակետը այն խնդիրների շուրջ, որոնք իրական քաղաքական օրակարգի հետ գրեթե կապ չունեն:

Այդ ինտոնացիան կարելի է զգալ քարոզիչների ավանդական բանաձեւերի մեջ: Օրինակ՝ «ռեժիմը խուճապի մեջ է», «վարչակազմը սարսափած է միասնական թեկնածուի հեռանկարից»: Իրականում քաղաքականության մեջ նույնիսկ չնչին փորձ ունեցողները հրաշալի գիտեն, որ երկրորդ-երրորդ դեմքերի մակարդակով նման խնդիրներ չեն էլ քննարկվում: Բայց նման քարոզչական «բացականչություն-կարգախոսներով» կողմերը ոչ միայն «դուխ են տալիս» իրենց ակտիվիստներին, այլեւ «շոշափում են» մրցակիցներին ու հնարավոր դաշնակիցներին:

Իր «Խաչակիրներն եւ հայերը» գրքի առաջին հատորի ներածության մեջ Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ համոզիչ կերպով ցույց է տալիս, որ խաչակիրների «պաշտոնապես հայտարարագրված» նպատակները չնչին մասն էին կազմում այն խորքային քաղաքական եւ տնտեսական դրդապատճառների, թե ինչու էին իրականում կազմակերպվում խաչակրաց արշավանքները: Նույն տրամաբանությամբ՝ ինչո՞ւ ես պետք է հավատամ, որ ներկայիս քաղաքական ուժերի օրակարգն է խորհրդարանական համակարգը կամ «ռեժիմից ազատվելը»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930