Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր բեւեռի ձեւավորումը ձեռնտու է բոլորին

Նոյեմբեր 13,2012 12:53

Թեպետ մոտ երեք ամիս է մնացել 2013-ի փետրվարին տեղի ունենալիք նախագահական ընտրություններին, բայց գործող նախագահի հետ լուրջ մրցակցություն ծավալելու համար ընդդիմադիր դաշտի համախմբման աշխատանքները նոր են միայն սկսվում։
Պատճառը ոչ թե ընդդիմադիրների, այլ նրանց թիկունքին կանգնելու եւ հետեւողական պայքար մղելու համար անհրաժեշտ քաղաքական ուժերի պակասն է։ Դրանց թիվն այնքան էլ մեծ չէ, ուստի միավորվելու եւ ընդհանուր ճակատով հանդես գալու համար ներկայումս ընդդիմությունը փորձում է գտնել ապագա համագործակցության սկզբունքները եւ առաջադրել մրցունակ թեկնածու։
Հարց է առաջանում. ի՞նչ կտա նման մրցակցությունը մեր երկրին։
Նկատի ունենալով ԲՀԿ-ի՝ ՀՅ Դաշնակցության ու ՀԱԿ-ի հետ ունեցած խորհրդակցությունների առաջին արդյունքները, եւ «Ժառանգության» հետ սպասվող նույնաբովանդակ քննարկումների օրակարգը, խոսքն առայժմ սահմանադրական փոփոխությունների՝ կառավարման խորհրդարանական համակարգի եւ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու մասին է։
Դրան զուգընթաց ՀՅԴ-ն առաջ է քաշում նաեւ համակարգային լուրջ բարեփոխումների իրականացման խնդիրը։ Այսինքն՝ գործ ունենք որոշակի ու հստակ այլընտրանքային քաղաքական օրակարգի հետ, որի կարիքը Հայաստանը այժմ զգում է առավել քան երբեւէ։
Ներկայումս մի կողմից՝ գոյություն ունի իշխանության տնտեսական ու վարչական ուժի եւ ընդդիմության առանձին ջոկատների քաղաքական հնարավորությունների աղաղակող անհամապատասխանություն, մյուս կողմից՝ երկրի տնտեսական ու քաղաքական կացությունը ամենեւին էլ բարվոք չէ։ Նման պայմաններում ակնհայտ է դառնում, որ 2013-ի նախագահական ընտրությունները կարող են վերածվել որեւէ անկանխատեսելի «փրկչի» հայտնության։
Դրա հետեւանքով քաղաքական դաշտում եղած ուժերի բնականոն ու քաղաքակիրթ պայքարի փոխարեն կարող ենք գործ ունենալ ներքաղաքական կատակլիզմների։
Միանգամայն այլ է տարիների փորձ, այդ թվում՝ իշխանության մեջ որոշակի հանձնառություն ունեցած, կամ էլ ժամանակին իշխանություն եղած ուժերի պարագան։ Սրանցից ձեւավորված ընդդիմադիր բեւեռից դժվար է սպասել այնպիսի քայլեր, որոնք կարող են ապակայունացնել երկրի ներքին իրադրությունը։ Դա առաջին հերթին վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որը մյուս ազդեցիկ ուժերի հետ ներկա քաղաքական խորհրդակցությունների նախաձեռնողն է, ինչպես նաեւ ՀՅ Դաշնակցությանը։ Դրանց առանցքում ընկած կառավարման խորհրդարանական բնորդին անցնելու առաջարկը ոչ միայն գրավիչ է ՀՅ Դաշնակցության համար, այլեւ այն տարիներ շարունակ եղել է պետության կառավարման այս մոդելի հետեւողական պաշտպան։
Մի փոքր այլ է ՀԱԿ-ի պարագան, որ արդեն իրեն ցույց է տվել որպես «մինչեւ վերջ» գնալուն պատրաստ ուժ, որի արտահայտությունը դարձան վերջին նախագահական ընտրություններից հետո 2008 թ. մարտի դեպքերը։ Սակայն այս առումով էլ ներկայումս վիճակն այնքան էլ միանշանակ չէ։ Անցած տարիներին ՀԱԿ-ը կորցրել է ժողովրդի աջակցությունը, իսկ նրա առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանը կատարել է իր «մինիմալ ծրագիրը». իշխանությունից հեռանալուց 10 տարի անց վերադարձել ու վերականգնել է իր խախտված քաղաքական հեղինակության գոնե մի մասը։
Ուստիեւ դժվար թե ՀԱԿ-ին ու նրա առաջնորդին հաջողվի «երկու անգամ նույն գետը մտնել», առաջին ջութակի դեր խաղալ ոչ միայն առաջիկա ընտրապայքարի ընթացքում, այլեւ ընդդիմադիր բեւեռի ձեւավորման գործընթացում։ ՀԱԿ-ի համար այնքան էլ գրավիչ չէ նաեւ կառավարման խորհրդարանական բնորդին անցնելու առաջարկը։
Սակայն չպետք է մոռանալ, որ մոտեցող ընտրությունների մարտահրավերը կոնգրեսին եւս կանգնեցրել է դրան պատասխան տալու հրամայականի առաջ։ Նրան մնացել են միայն սեփական թեկնածուով հանդես գալու եւ նախագահի միասնական թեկնածուին պաշտպանելու տարբերակները։
Հասկանալի է, որ դրանցից առաջինը ոչինչ չի տալու ՀԱԿ-ին, քանի որ եթե անգամ հաջողվի համոզել Լ. Տեր-Պետրոսյանին առաջադրել իր թեկնածությունը, որ խիստ կասկածելի է, միեւնույն է, նա չի կարողանալու հավաքել լուրջ քվեներ։ Ուրեմն՝ նախագահի միասնական թեկնածուի տարբերակը ՀԱԿ-ին ձեռնտու է միանգամից երկու առումով՝ անխուսափելի պարտության համար «միանձնյա պատասխանատվությունից» խուսափելու, միաժամանակ նախագահական ընտրապայքարում լուրջ դերակատարություն ունենալու համար։
Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», որի առաջնորդն արդեն հայտարարել է 2013-ի նախագահական ընտրություններում առաջադրվելու իր մտադրության մասին, ապա այստեղ թերեւս գործ ունենք ոչ թե ընդդիմադիր բեւեռի ձեւավորմանը խանգարելու, այլ սեփական թեկնածուին առաջ մղելու ճանապարհով «առաջին ջութակի» դերը ստանձնելու կանխարգելիչ քայլի հետ։
Այնպես որ Հայաստանում կան ընդդիմադիր քաղաքական բեւեռի ձեւավորման բոլոր նախանշանները։ Սովորաբար նման պարագաներում իշխանություններն անհանգստանում են, փորձում հնարավորինս խոչընդոտել ընդդիմության միավորման գործընթացներին։ Սակայն Հայաստանում ներկայումս ստեղծվել է ներքաղաքական, մանավանդ տնտեսական ու վարչական հնարավորությունների մի այնպիսի աղաղակող դիսբալանս, որ հարցն ավելի «խորքից» նայելու պարագայում դժվար է միանշանակորեն ասել՝ ընդդիմադիր բեւեռի դեմ լուրջ քաղաքական պայքա՞րն է ձեռնտու ներկա իշխանությանը, թե՞ ընտրություններից առաջ միանգամայն հնարավոր՝ քաղաքական գործընթացների անկառավարելի ընթացքը։
Ակնհայտ է, որ Հայաստանին ուղղակի հակացուցված են նոր ցնցումներն ու բախումները։ Այդ պատճառով, կարծում ենք, փորձառու եւ հեղինակավոր քաղաքական ուժերից ու գործիչներից բաղկացած ազդեցիկ ընդդիմադիր բեւեռի ձեւավորումը ստեղծված պայմաններում ձեռնտու է բոլորին։
Ընդդիմությանը՝ միավորվելու միջոցով քաղաքական կյանքում իր կշիռը վերականգնելու համար, իշխանությանը՝ վարչական լծակների միջոցով «փողոցը» վերահսկելու փոխարեն լուրջ քաղաքական պայքար մղելու, եւ վերջապես ժողովրդին՝ սեփական ապագայի ընտրության հարցում ճիշտ կողմնորոշվելու համար։

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930