Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այլընտրանք, այլընտրանք, բայց ընդդիմության ձեռուոտը կապեցին

Նոյեմբեր 13,2012 12:40

  ԲՀԿ-ՀԱԿ երեկվա կոնսուլտացիոն հանդիպումից հետո ե՛ւ Նաիրա Զոհրաբյանը, եւ՛ Լեւոն Զուրաբյանը չեն ցանկացել լրագրողներին մանրամասներ ներկայացնել։ Այսինքն՝ կամ կողմերն առանձնապես ոչինչ էլ չեն պայմանավորվել եւ ասելիք ընդհանրապես չկա, կամ էլ նրանք դեռ բանակցելու շատ բան ունեն, իսկ բանակցելու ընթացքում ոչ մեկը, բնականաբար, փակագծեր չի բացի։
Համենայն դեպս կողմերը պայմանավորվել են, որ էլի կհանդիպեն, ինչի մասին վկայել է Նաիրա Զոհրաբյանը, ասելով, թե ՀԱԿ-ի հետ քննարկումները կշարունակվեն։ Լրագրողների հարցերին ի պատասխան նա նկատել է, որ եթե ընդհանուր հայտարարի չգային, ապա քննարկումների շարունակական լինելու մասին խոսք չէր լինի։
Ինչ վերաբերում է Լեւոն Զուրաբյանին, ապա լրագրողներից մեկի հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության արդյունքում այդ ուժերը նախագահի միասնական թեկնածու ունենան, Լ.Զուրաբյանը այսպես է պատասխանել. «Ես կարծում եմ, որ դա չի կարելի բացառել»։
Հաջորդող հարցին, թե չի՞ բացառվում, որ ՀԱԿ-ը սատարի ԲՀԿ-ի թեկնածուին, Լ.Զուրաբյանն արձագանքել է. «Թույլ տվեք ինձ դիվանագիտական մոտեցում ունենալ եւ չպատասխանել այս հարցին, բայց չեմ բացառում միասնական թեկնածուի տարբերակը»։
Զուրաբյանի կարճախոս պատասխանները որքան էլ «դիվանագիտորեն» ձեւակերպվեն, մատնանշում են այս ամբողջ սահմանափակ վազվզոցի բուն փորացավը՝ «միասնական թեկնածու», ինչը, իր հերթին, կարող է ընդհանրապես ցաքուցրիվ անել մի քանի ուժերի միջեւ եղած կարծեցյալ ու շատ փխրուն համաձայնությունը։ Նախ, հարց է, թե իսկապե՞ս ԲՀԿ-ն կսատարի ՀԱԿ թեկնածուին, կամ հակառակը՝ ՀԱԿ-ը ԲՀԿ-ի թեկնածուին (ի դեպ, ո՞վ է ԲՀԿ-ի թեկնածուն)։ Եվ հետո, ոչ պակաս հարց է՝ ՀՅԴ-ն կցանկանա՞ սատարել ՀԱԿ+ԲՀԿ-ի թեկնածուին, թե՞ իր տարբերակը կառաջարկի։ Չմոռանանք, որ այդքանից հետո կա նաեւ «Ժառանգությունը», որն արդեն որոշել է իր թեկնածուին՝ ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի։
Կոնսուլտացիաների նախաձեռնողներն ու կողմնակիցները նման դեպքերում նշում են, թե կոնկրետ անձը կարեւոր չէ, թե իրենք տեսականորեն պատրաստ են սատարել այն թեկնածուին, որը կընդունի 100 տոկոս համամասնական ԱԺ ընտրությունների ու խորհրդարանական կառավարման գաղափարը։ Իսկ գործնականո՞ւմ։
Ի վերջո, ԲՀԿ-ն մինչեւ հիմա առանձնապես աչքի չի ընկել խորհրդարանական կառավարման կողմնակից լինելու առումով, եւ մեկ էլ հանկարծ ու միանգամից նման առաջարկ է արել։ Իսկ ՀԱԿ-ն էլ, ինչպես հայտնի է, արձագանքել է հակընդդեմ առաջարկներով, առաջադրելով իր 4 կետանոց «ընդլայնված օրակարգի» տարբերակը։ Տարբերակ, որտեղ խոսվում է ինչի մասին ասես, սկսած իմպիչմենտից, վերջացրած ապօրինի մենաշնորհների ու արտոնությունների դեմ պայքարով։
Տրամաբանական է ենթադրել, որ երեկվա հանդիպման ժամանակ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն պիտի նախ իրենց օրակարգերը համադրեին։ Դատելով քննարկման մասնակիցների գաղտնապահությունից՝ համադրումը կամ ընդհանուր հայտարարի գալը, գոնե առաջին հանդիպման ժամանակ, ոչ միայն տեղի չի ունեցել, այլեւ չի ուրվագծվել։
Բայց այս ամենի մեջ կան ուշագրավ այլ հանգամանքներ, որոնք չեն վրիպում զանազան վերլուծաբանների ու գործիչների աչքից։ Ամենից առաջ դժվար չէ նկատել, որ խորհրդարանական կառավարման անցնելու վերաբերյալ իր առաջարկով ԲՀԿ-ն ըստ էության ոչ թե միավորում, այլ տորպեդահարում է ամբողջ ընդդիմադիր դաշտը։
Ամենից հետաքրքիրն այն է, որ դա անում է մի ուժ, որն ընդհանրապես խուսափում է բացեիբաց հայտարարել, թե ինքն ընդդիմություն է։ Վախենում են այդ բառից գուցե ավելի, քան շիկացած երկաթից։ «Բարգավաճականներին» հարցնում են՝ դուք ընդդիմությո՞ւն եք։ Իսկ նրանք երկար ու ոլորուն նախադասություններով պատասխանում են, թե՝ չէ, ի՜նչ եք ասում, մենք այլընտրանք ենք։
Այլընտրանք, այլընտրանք, բայց ընդդիմության ձեռուոտը կապեցին։ ԲՀԿ-ն հրապարակ է նետել առաջարկություն, ու եթե իրենց ընդդիմություն հռչակած ուժերը հրաժարվեին այն քննարկել, կստացվեր, որ դեմ են այդ առաջարկի բովանդակությանը, ինչը, իհարկե, անհեթեթ կլիներ, քանզի, օրինակ, նույն ՀՅԴ-ն ԲՀԿ-ից դեռ շատ ու շատ առաջ էր 100 տոկոս համամասնականի ու խորհրդարանական մոդելի մասին խոսում։
Ավելին՝ կստացվեր, որ դեմ են միասնաբար հանդես գալու հեռանկարին եւս, ինչը կարող էր բացասական անդրադարձերի առիթ դառնալ («բոլորս միավորվում ենք, իսկ այսինչ ուժը դեմ է համախմբմանը» տարբերակով)։
Ու չնայած ՀԱԿ-ին հարող վերլուծաբաններն ու առանձին գործիչներ մինչեւ վերջերս նշում էին, թե «միասնական թեկնածուի» տարբերակը իշխանությունների կողմից է շրջանառության մեջ դրվում՝ որոշակի հեռահար նպատակներով, հիմա արդեն հենց այդ միասնականն էլ սկսում են քննարկել։
Մյուս կողմից՝ ընդունելով ԲՀԿ-ի կոնսուլտացիոն առաջարկները, ընդդիմադիր ուժերը ուզեն թե չուզեն, ընդունում են, որ օրակարգը հենց այդ ուժն էլ ձեւավորում է, ու ընդհանրապես, հեգեմոնի, առաջնորդողի դերում է։
Իսկ առաջնորդողը գործընթացը, մի որոշակի փուլում, կարող է տանել ոչ այնտեղ, ուր կուզեին մյուսները։ Սա շատ լավ հասկանում են ՀԱԿ-ում եղած այն ուժերն ու անհատները, որոնք ընդգծված դեմ են հանդես գալիս ԲՀԿ-ի հետ համագործակցությանն ընդհանրապես, այս կոնսուլտացիաներին մասնավորապես։
Ի վերջո, այս ամբողջ վազվռտուքը կամ «բազարը» կարող է որեւէ արդյունք տալ, ասենք, «միասնական շտաբ-2»-ի տեսքով, ու ԲՀԿ-ի ֆինանսավորմամբ, ինչպես դա եղավ մի կես տարի առաջ ԱԺ ընտրություններում։ Բայց այն ժամանակ ԲՀԿ-ն ընդամենը տարավ ընդդիմության ձայները, հավաքեց իրեն քիչ թե շատ բավարարող տոկոսներ ու միանգամից մոռացավ «միասնական շտաբի» մասին։
Ի՞նչ երաշխիք, որ նույն ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու մյուսներն ընդհանրապես չեն հայտնվելու նույն կոտրած տաշտակի առաջ։ Ո՛չ մի երաշխիք։ Հակառակը, ամենայն հավանականությամբ բանը հենց «կոտրած տաշտակով» էլ ավարտվելու է։

Մ.ՍԱՀԱԿՅԱՆ

«Հայոց աշխարհ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930