Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Քաջ Նազարն էլ էր միշտ իմիտացիա ստեղծում, որ իրենից բոլորը վախենում են». Գ. Սահակյանը՝ ԲՀԿ-ի խորհրդակցությունների մասին

Նոյեմբեր 13,2012 12:27

ԲՀԿ-ն իր քաղաքական խորհրդակցություններ շարքն արդեն սկսել է: Հանդիպումներ են տեղի ունեցել ԲՀԿ-ՀՅԴ, ԲՀԿ-ՀԱԿ, ԲՀԿ-«Ժառանգություն» ձեւաչափերով: ՀՀԿ-ն ևս ԲՀԿ-ի կողմից պաշտոնական հրավեր ստացել է հանդիպելու և քննարկելու մասնավորապես ԲՀԿ-ի կողմից բարձրացված առաջարկները, որոնք վերաբերում են 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին և խորհրդարանական կառավարմանն անցնելուն: Չնայած պաշտոնական հրավերի առակայությանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը galatv.am-ի հետ զրույցում նշել էր. «Որևէ նոր հիմնավորումներ չկան, որ մենք քննարկման նյութ դարձնենք»:

Ի՞նչ հիմնավորումների մասին է խոսքը և ՀՀԿ-ն արդյոք համամի՞տ է այն կարծիքներին, թե կուսակցության շրջանում տիրում է խուճապի մթնոլորտ՝ մյուս քաղաքական ուժերի հնարավոր միավորմամբ պայմանավորված, Aravot.am-ը փորձեց պարզել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ զրույցում:

Պարոն Սահակյանը մանրամասնեց. «Տարիներ շարունակ այդ խնդիրներն արծարծվել են, և Հանրապետականը ամբողջական, վերլուծված պատասխանել է խնդիրներին: Այս պահին հիմնավորումներ չկան արված առաջարկությունների մեջ, երբ կլինեն նոր հիմնավորումներ, այն ժամանակ էլ կքննարկենք: Տարիներ շարունակ այդ հիմնավորումները վերլուծել ենք, մեր գնահատականն ենք տվել: Տարիներն անցել են, հիմնավորումների մեջ որևէ փոփոխություն չկա: Այդ պատճառով էլ մենք քննարկման խնդիր չունենք: Առավել ևս, հիմա չորս կուսակցություններ մրցակցում են, թե այդ հայտարարության հեղինակային իրավունքն ումն է: Կարծում եմ՝ լավ կլինի, որ ընդդիմադիր ճակատը, որը ավելի շատ մեծ ռեակցիա է տալիս, հնարավորություն գտնեն իրենց քննարկման ֆորմատներն ունենալ: Այլապես Հանրապետական կուսակցությունն այդպես չէ, որ հերթով բոլոր կուսակցությունների հետ պիտի հանդիպի: Մենք զբաղված ենք մեր գործով, մեր համագումարով, առաջիկա ընտրություններով, դրա լավ ընթացքը տրամաբանորեն կապված է մեզ հետ, իսկ մյուսների համար դա գործընթաց է, որ ակտիվացնում է իրենց գործունեությունը»:

ՀՀԿ-ի խուճապահար լինելու մասին խոսակցություններին էլ, պարոն Սահակյանն այսպես պատասխանեց. «Քաջ Նազարն էլ էր այդպես անում. միշտ իմիտացիա էր ստեղծում, որ իրենից բոլորը վախենում են ու փախչում: Ուզում եմ, որ կուսակցություններն այդ օրը չընկնեն: Հանրապետական կուսակցությունը միշտ վճռական է, փախչելու որևէ խնդիր չունի: Պարզ, շիտակ ժամանակին ասել ենք, որ կառավարման ձևի փոփոխությունները որևէ խնդիր առաջ չեն տանելու: Մենք ոլորտային բարեփոխումների կողմնակից ենք: Ունենք փայլուն նախագահական երկրներ, որոնք և ժողովրդավարության, և տնտեսության առումով աշխարհի առջև լուրջ իրողություններ են: Մոդելների փոփոխությունը տրամաբանորեն ոչինչ չի փոխում: Ճիշտ է այն, որ ուժերը համագործակցեն և ոլորտային բարեփոխումներ իրականացնեն, որին տոգորված ենք այսօր մենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930