Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանք, ովքեր այսօր ծավալուն վերլուծություններ են անում, կառավարության առաջատար անդամներ են եղել, եւ բոլոր հնարավորություններն ունեին իրենց տեսակետները բարձրաձայնելու ու պաշտպանելու, բայց չեն արել»

Նոյեմբեր 13,2012 12:22

Հատվածներ ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ հարցազրույցից:

 Պատահակա՞ն էր, որ «Ժառանգությունը», ԲՀԿն, ՀՅԴն ներկայացնում են համարյա նույն առաջարկները՝ գրեթե միաժամանակ և իրարից անտեղյակ՝ համարելով սեփական հայտնագործություն։

– Իրականում «հայտնագործությունը» ոչ մեկի սեփականությունն էլ չէ, ժամանակ առ ժամանակ այդ թեման հրապարակ է նետվում իբրեւ քաղաքական քայլ։ Նպատակներից մեկը էական ասելիքների բացակայությունը շղարշելու փորձն է, մյուսը՝ ապագա պարտություններն արդաոացնող հանգամանքներ նախապատրաստելը։

Այսինքն՝ ժամանակ շահելո՞ւ մանեւր է:

– ժամանակ շահելու խնդիր էլ կա՝ քայլը բազմաֆունկցիոնալ է։ Երբ գործընթացը համեմում ես խորհրդակցություններով, համախմբվելու ընդհանուր եզրեր գտնելու ջանքերով, կյանքը դառնում է հետաքրքիր ավելի, քան կար։ Բայց համապետական ընտրությունները հինգ ամիս առաջ էին. համընդհանուր համախմբումի, տեսակետների բյուրեղացման նույն գործընթացները եղել են այն ժամանակ էլ, եւ հազիվ թե որեւէ մեկի համար գաղտնիք է մնացել, թե ով որ հարցի վերաբերյալ ինչ տեսակետ ունի։ Թեման իրականում տարիների ընթացքում մանրամասնորեն քննարկվել է՝ հայտնի են կողմ ու դեմ բոլոր տեսակետները, փաստարկները։ Ընդ որում՝ ոչ ոք էլ չի վիճարկում այդ ամենը։ Կայացած ժողովրդավարության երկրները կայացած են ոչ այս կամ այն ընտրակարգով առաջնորդվելու պատճառով։

Եթե այլ կուսակցություններ այս կամ այն ձեւաչափով ԲՀԿի առաջարկը քննարկելու պատրաստակամություն են հայտնել, ի՞նչ է անելու ՀՀԿն՝ իմանալով հանդերձ, որ այդ քննարկումը դանայան տակառը ջուր լցնել է։

– ՀՀԿ-ն իր ասելիքն ասել է, եւ մեր դիրքորոշումները օրումեջ չեն փոխվում։ Մենք այդ խնդիրները դիտում ենք իբրեւ ռազմավարական, մարտավարական գործիք չենք համարում։ Մենք մեր տեսակետները ներկայացրել ենք եւ հանձնաժողովի աշխատանքի ժամանակ, եւ լսումներում, եւ մամուլում, եւ հանրային բանավեճում։ Մենք ժողովրդավարացման ճանապարհը մոդելի ընտրությունով չենք պայմանավորում։ Մենք ասում ենք, որ համամասնական, մեծամասնական եւ խառն ընտրակարգերն ունեն իրենց թերությունները եւ դրական կողմերը։ Բայց Հայաստանում ներկա ժամանակահատվածում, ելնելով սոցիալ-տնտեսական, քաղաքական, գաղափարական խնդիրներից, կուսակցությունների չկայացած լինելուց, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ տարածքների համաչափ զարգացման անհրաժեշտությունը, մենք ճիշտ ենք համարում ընտրակարգի ներկա հարաբերակցությունը։

Ինչ վերաբերում է խորհրդարանական հանրապետությանը, ապա սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն 2005 թվականին էր։ Նրանք, ովքեր այսօր ծավալուն վերլուծություններ են անում, կառավարության առաջատար անդամներ են եղել, այն ժամանակվա նախագահի մերձավորներից, եւ բոլոր հնարավորություններն ունեին իրենց տեսակետները բարձրաձայնելու ու պաշտպանելու, բայց չեն արել։ Արդյո՞ք այս հարցերի բարձրացումը կապված է պետության, ազգի, ժողովրդի շահերի հետ, թե՞ անձնական-խմբային շահեր են սպասարկում, որ այն ժամանակ կարեւորություն չեն տվել, հիմա իրենց անձնական խնդիրների բերումով դարձնում են քննարկման թեմա։ Ընտրակարգ եւ սահմանադրակարգ փոխելով՝ մենք գոյություն ունեցող որեւէ խնդրի լուծում չենք տա, միայն ժամանակ, ուժեր եւ ռեսուրսներ կծախսենք, ավելի ճիշտ՝ կփոշիացնենք, շեղվելով իրական խնդիրների լուծումից։

Մամուլում տեսակետ հնչեց, որ այս առաջարկի իրական հեղինակը Ռոբերտ Քոչարյանն է, համամի՞տ եք այդ տեսակետին։

– Յուրաքանչյուր հարցին պատասխանելուց առաջ պիտի պարզել՝ ո՞ւմ է ձեռնտու, այս իմաստով կապ չեմ տեսնում։ Հնարավոր է, որ ամենաշատ դա մեզ ձեռնտու լինի, բայց մենք մեր շահերով չենք ղեկավարվում, երկրի բնականոն եւ անցնցում զարգացման ուղին է գլխավորը։

Ինչո՞ւ, կա քաղաքական դաշտի վերադասավորման եւ վերահամախմբման խնդիր։

– Նույն խնդիրը կար խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Հիշում եք՝ ե՛ւ ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ստեղծվեց, ե՛ւ տարատեսակ ելույթներ եղան։ Ի՞նչ է փոխվել, նոր ուժ ասպարեզ չի եկել, նոր խաղացող չկա, նոր դեմքեր չկան, նոր բանաձեւեր չկան:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930