Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն ևս քննարկումներ է սկսել

Նոյեմբեր 13,2012 11:39

2013թ. նախագահական ընտրություններին ընդառաջ հանրությանը համախմբելու նպատակով ՀՅԴ-ն քննարկումներ կկազմակերպի քաղաքական տարբեր ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

«Մենք առաջիկայում հանդիպումներ կկազմակերպենք քաղաքական ուժերի և հանրության այլ շերտերի` մասնագիտական խմբերի, քաղաքացիական հասարակության, այդ թվում` լրատվամիջոցների հետ: Այս ֆորումների արդյունքում կարծում եմ` կառաջանա այն հիմնական ուղղվածությունը, որը կտանի առաջ: Նույնն անում է այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Առաջիկա մեկ-երկու շաբաթվա հանդիպումների, քննարկումների ընթացքում կձևավորվի հիմնական օրակարգը և հնարավոր կլինի խոսել հետագա քայլերի մասին»,- ասաց Վարդանյանը` հավելելով, որ առանց հանրության լեգիտիմության` քաղաքական դաշտի համախմբումը ձևական բնույթ կկրի:

ՍիվիլՆեթի հարցին, թե արդյոք ՀՅԴ-ի բանակցային այս գործընթացը պետք չէ դիտարկել ԲՀԿ-ի օրակարգի շրջանակում, պատգամավոր պատասխանեց` բնականաբար` ոչ:

«ՀՅԴ-ի հայտարարությունը պատրաստ էր մոտ մեկ շաբաթ առաջ, ուղղակի այն տարածելու համար սպասում էինք սիմվոլիկ մի օրվա` նախագահական ընտրություններից 100 օր առաջ: Դրանից մեկ օր առաջ եղավ ԲՀԿ-ի հայտարարությունը, բայց դա որևէ առաջնայնություն չի նշանակում: Եվ կրկնում եմ` մենք այդ քննարկումները չենք անում ԲՀԿ-ի օրակարգով, դա մենք անում ենք մեր օրակարգով»,- նշեց Վարդանյանը:

Վերջինս նաև հավելեց, որ ՀՅԴ-ն նախագահական ընտրությունների մասնակցության ձևաչափի առումով վերջնական որոշում կկայացնի ամենաուշը մինչև դեկտեմբերի կեսերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930