Լրահոս
Օրվա լրահոսը

Կրակել են նախկին նախարարի տան վրա

Նոյեմբեր 13,2012 10:55

Նոյեմբերի 11-ի կեսգիշերին կրակոցներ են հնչել Վարդանանց 10 եւ Հանրապետության փողոցի թիվ 56 շենքերի բակում։ Կրակոցներից վնասվել են շենքերից մեկի 5-րդ բնակարանի պատուհանները։ Պարզվել է՝ այս բնակարանը պատկանում է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Արմեն Գրիգորյանին, ով այժմ աշխատում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում, ֆիզկուլտուրայի ամբիոնի վարիչն է։ Կրակոցներից վնասվել են միայն վերջինիս տան ապակիները։ Կրակոցները  լսելուց հետո, բնակիչներն ահազաևգել են ոստիկանություև։

Քիչ անց դեպքի վայրում հայտնված իրավապահները բակում ոչ մեկին չեն գտել։ Սակայն այդ պահին շենքի բնակարաններից մեկում խնջույք է եղել, ինչի հետքերով էլ գնացել են։ Բնակարան մուտք գործելուց հետո իրավապահները դատարկաձեռն դուրս չեն եկել։ Տվյալ բնակարանից մի խումբ երիտասարդների՝ 9-10 անձի, որպես կասկածյալների, բերման են ենթարկել Կենտրոնի բաժին։ Սակայն ոստիկանները ոչ թե երիտասարդների մոտ զենք-զինամթերք հայտնաբերելուց հետո են բերման ենթարկել, այլ ենթադրել են, որ գիշերվա կեսին աշխուժություն նկատվող բնակարանում կարող էր նման միջադեպ լինել։ Մինչդեռ, մեր տեղեկություններով, երիտասարդները պատրաստվել են գիշերն ԱՄՆ մեկնող իրենց ընկերոջը ճանապարհել օդանավակայան։

Իսկական դեբոշը սկսվել է բաժնում՝ կասկածյալների ու օպերների միջեւ։ Մենք տեղեկություններ ստացանք, որ օպերները ծեծի են ենթարկել երիտասարդներին, որ վերջիններս խոստովանեն կրակոցներին մասնակցություն ունենալու մասին։ Ոստիկանությունից էլ հակառակն են պնդում, թե 1982 թ. ծնված Վահե Մ.-ն ընդդիմացել է, հայհոյել ոստիկաններին, խոչընդոտել նրանց բնականոն աշխատանքը։ Ձեռքով հարվածել է աշխատասենյակի պատուհանին, ապակին կոտրվել է, ձեռքն էլ վնասվել։ Այնուհետեւ նրան շտապ տեղափոխել են թիվ 1 համալսարանական կլինիկա։ Մյուսներին բաց եև թողել։ Այսինքն՝ գործով որեւէ մեկը ձերբակալված չէ, հայտնի չեն նաեւ իրական կրակոդները։

Իսկ Վահեի զայրույթի պատճառը եղել է այն, որ նա բաժին տարվելուց հետո թռիչքից ուշացել Է, ինչպես նաեւ կորցրել ԱՄՆ ինքնաթիռի տոմսը։

Թե իրականում ինչու են կրակոցներն ուղղված եղել այդ շենքին, ու ինչու են վնասվել հենց նախկին ԲՀԿ-ական նախարարի բնակարանի ապակիները, արդյո՞ք սա Արմեն Գրիգորյանին ուղղված սպառնալիք է եղել, փորձեցինք պարզել նրանից։ Սակայն նա վստահեցրեց, որ ոչ մի դիտավորություն էլ չի եղել, անգամ իրենք քնած են եղել եւ չեն էլ նկատել, որ իրենց ապակիները վնասվել են։ «Իհարկե ոչ։ Ոչ մի դիտավորություն։ Մենք քնած ենք եղել, ոչինչ չենք զգացել։ Բակում միջադեպ է եղել երկու խմբավորումների միջեւ, օդ են կրակել, ինչ են արել, մենք տեղյակ չենք, հարեւաններն են նկատել…»։ Գրիգորյանը վստահեցրեց, որ անգամ բաժին չի հրավիրվել։ Նշենք, որ իրավապահները դեռ չեն կարողացել պարզել, թե այդ ինչ խմբավորումներ են եղել, որոնց միջեւ վիճաբանությունն ուղեկցվել է մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած փոխհրաձգությամբ։

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

«Հրապարակ» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930