Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարված նպատակների պերճանքն ու թշվառությունը

Նոյեմբեր 13,2012 10:38

ԲՀԿ-ի հետ հանդիպումից հետո պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանն ասել է, որ չի բացառվում նախագահի ընտրությանը երկու ուժերի միասնական թեկնածուն: Զուրաբյանն ասել է, որ ավելին չի մանրամասնի` բանակցությանը չվնասելու համար:

Հավանական թեկնածուներն, իհարկե, երեքն են` Լևոն Տեր-Պետրոսյան, Գագիկ Ծառուկյան, Վարդան Օսկանյան: Ինչ չափանիշով են կողմերը հանգելու ընդհանուր թեկնածուի մտքին՝ պարզ չէ: Կոնգրեսը համարում է, որ լավագույնն իր թեկնածուն է, ԲՀԿ-ն հայտարարում է, որ Ծառուկյանը Հայաստանի ամենաբարձր վարկանիշով գործիչն է: Վարդան Օսկանյանի օգտին խոսում է այն, որ նա ենթարկվում է հետապնդման և, այսպես ասած, հանդիսանում է Գագիկ Ծառուկյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջինացված տարբերակը, այսինքն՝ ԲՀԿ ներկայացուցիչ ինտելեկտուալ է: Սակայն առանցքայինն, իհարկե, այն է լինելու, թե ինչպես են երկու ուժերը պայմանավորվելու իշխանությունը բաժանելու հարցում, առավել ևս, եթե նրանց միանան նաև այլ ուժեր: Միայն այդ դեպքում է հնարավոր ընդհանուր հայտարարը միասնական թեկնածուի պարագայում:

Բայց այստեղ կա մի խնդիր` ցանկացած համաձայնության դեպքում չկա որևէ իրավական երաշխիք՝ բացի նախագահի պաշտոնից: Օրինակ՝ եթե ԲՀԿ-ն ՀԱԿ-ին սատարման դիմաց խոստանա վարչապետի պաշտոնը, ապա որևէ երաշխիք չկա, որ այդ խոստումը չի դրժվի նախագահի ընտրությանը ԲՀԿ թեկնածուի թեկուզ հիպոթետիկ հաղթանակի պարագայում: Բոլորը երևի թե լավ են պատկերացնում այս իրավիճակը, առավել ևս՝ հայաստանյան իրականության պարագայում, երբ ամեն ինչ սակարկության հարց է, և ամեն մի լավ սակարկող կարող է հաջորդ ցանկացած պահի էապես փոխել իրավիճակը:

Առավել հավանական է այն, որ միասնական թեկնածուի շուրջ ներկայիս բանակցությունները հիմնականում իմիտացիոն բնույթ ունեն, և դրա մասնակիցները ավելի շատ ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվելու խնդիրներ ունեն, քան ԲՀԿ-ի: Այսինքն՝ ԲՀԿ-ի հետ բանակցությունը նրանք օգտագործում են ընդամենը Սերժ Սարգսյանի կամ էլ արտաքին քաղաքական կենտրոնների համար կարևորություն ստանալու նպատակով: Այլ կերպ ասած՝ շարժիչը գործընթացն է, ոչ թե հռչակված նպատակները:

Հայաստանում քաղաքականությունը երբեք չի արտահայտվել հռչակված նպատակներով: Իրական նպատակները սովորաբար մշտապես թաքնվել են այդ ամենի տակ և դուրս են լողացել միայն վերջին պահին: Դրա վկայությունը իրերի ներկայիս դրությունն է, երբ չորս տարի առաջ ժողովրդավարության առաջամարտիկ հռչակվող ուժն այսօր որպես փրկություն է տեսնում Գագիկ Ծառուկյանին և նրա կուսակցությանը, որոնք Հայաստանում հաստատված արատավոր համակարգի իրեղեն ապացույցն են ընդամենը, ո՛չ ավելին: Երբ այդ իրեղեն ապացույցը հռչակվում է որպես համակարգի դեմ պայքարի գլխավոր միջոց, հույս, ելք, ապա սա արդեն խոսում է ոչ թե պայքարի, այլ ամենից առաջ պայքարողների և նրանց իրական նպատակների մասին։

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930