Գյումրիում գործազրկության տոկոսը առավել մեծ է տնակային ավաններում բնակվող անօթևան ընտանիքների շրջանում: Այդ պատճառով էլ շատ ընտանիքներ ու հատկապես միայնակ մայրեր, ապրուստի միջոցներ չունենալու պատճառով, երեխաներին տեղավորել են գիշերօթիկ դպրոցներ և մանկատներ:
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցների դիտարկումները ցույց են տալիս, որ ծնող կամ ծնողներ ունեցող երեխաներին գիշերօթիկ, իսկ միանգամայն առողջ երեխաներին` հատուկ կարիքներով երեխաների համար նախատեսված հաստատություններ տեղավորելու գործում, կարծես թե առանձնակի շահագրգռվածություն են ցուցաբերում այդ հաստատությունների տնօրենները: Հավանաբար այն պատճառով, որպեսզի կարողանան պետական բյուջեից ստանալ ավելի շատ ֆինանսական միջոցներ: Հանդիպել ենք նույնիսկ այնպիսի դեպքերի, երբ գիշերօթիկ կամ հատուկ կարիքներով երեխաների համար նախատեսված հաստատությունից իրենց երեխաներին հանելու հարցում մեծ դժվարությունների ու խոչընդոտների են հանդիպում ծնողները:
«Շիրակ կենտրոնի» կողմից այսօր պատրաստած տեսանյութը քաղաքի կենտրոնական մասում` ավտոկայանի հարակից տարածքում գտնվող տնակային ավանում միայնակ բնակվող կնոջ մասին է, ով նույնպես իր երկու տղաներին տեսնում է միայն շաբաթ և կիրակի օրերին, երբ նրանք տուն են վերադառնում «Թռչունյան տուն» մանկատնից: