Լրահոս
Օրվա լրահոսը

Պոռնկությանը նպաստելու մեջ մեղադրվող կինը դատարանում արտասվում էր

Նոյեմբեր 13,2012 10:18

Իջեւան քաղաքում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է երկու դատավարություն: Երկու դեպքում էլ մեղադրյալի աթոռին 54-ամյա կանայք են: Նրանք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով («Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը»): Այն պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

Ամբաստանյալ Սարգյուլ Սիրեկանյանին մեղադրանք է առաջադրվել , որ նա 2011 թվականից մինչեւ 2012 թվականի հունիս ամիսը Իջեւան քաղաքի Չըռչռ կոչվող տարածքում իր կողմից օգտագործվող ճաշարանի հաճախորդ տղամարդկանց համար հրավիրել է մարմնավաճառների:

Կարինե Օթարյանին մեղադրանք է առաջադրված, որ նա որպես ադմինիստրատոր աշխատելով Իջեւան քաղաքի սննդի եւ հանգստի կազմակերպման համալիրներից մեկում՝ հյուրանոցի սենյակները հաճախորդ տղամարդկանց հետ հանդիպելու, պոռնկությամբ զբաղվելու համար տրամադրել է մարմնավաճառներ Ա. Գրիգորյանին, Ա. Ղազարյանին, Ա. Խաչինյանին, Զ. Փարսադանյանին եւ Ա. Մկրտումյանին:

Ամբաստանյալ Սարգյուլ Սիրեկանյանը դատարանում պաշտպան չունի, Կարինե Օթարյանն օգտվում է պաշտպանի ծառայություններից:

Դատարան որպես վկա կանչված մարմնավաճառները բավական անկաշկանդ ցուցմունք էին տալիս: Նրանցից միայն 23-ամյա Զ. Փասադանյանն էր տխուր, նրա աչքերն արցունքոտ էին: Դրվագներից մեկում երկու մարմնավաճառ «սպասարկել են» երկու պարսիկների: Բոլոր դեպքերում մարմնավաճառների « ծառայության գինը» եղել է 5 հազար դրամ:

Սարգյուլ Սիրեկանյանը դատարանում իրեն վատ էր զգում, հուզվել էր, թաշկինակը տանում էր թաց աչքերին: Նա ասաց, որ ինքը 2011թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին քրոջ որդու մահվան կապակցությամբ սգի մեջ էր, իր արյան ճնշումը եւ «շաքարը» բարձր է եղել, ճաշարանը աշխատեցնելու է տվել երկու աշխատողներին, ընդհանրապես ինքը վերջիններս հանդեպ «շատ խիստ է եղել»: Սակայն դատարանում վկա մարմնավաճառներ Ա. Ղազարյանը եւ Ա. Գրիգորյանը հաստատեցին, որ իրենք Սարգյուլի կանչով ճաշարան են գնացել պարսիկներին հանդիպելու, որտեղից միասին մեկնել են հյուրանոց:

Դատարանում ցուցմունք տված մարմնավաճառները հայտարարեցին, որ Կարինե Օթարյանն իրենց զանգահարել է եւ ասել, որ հաճախորդ տղամարդիկ «իրենց են ուզում»: Սույն քրեական գործերով դատավարությունները կշարունակվեն նոյեմբերի 15-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930