Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանների անփույթ վերաբերմունքի պատճառով ուսուցչուհու սպանությունը չկանխելու գործը կարճում են

Նոյեմբեր 13,2012 00:33

Ոստիկանների անփույթ վերաբերմունքի պատճառով Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայի 30 շենքի 6-րդ բնակարանի բնակիչ Լուսինե Ղազարյանի սպանությունը չկանխելու փաստի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը կարճվելու է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի գրավոր հարցմանն ի պատասխան` հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ` նոյեմբերի 9-ին ՀՔԾ-ում ավարտվել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ հերթապահություն իրականացնող առանձին ոստիկանների` իրենց ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն: «Որոշում է կայացվել ոստիկանության աշխատակիցներ Գարեգին Սարգսյանի, Անուշավան Հովսեփյանի, Գրիգոր Ավագյանի եւ Էդուարդ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործի վարույթը կարճելու մասին նրանց գործողություններում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ»,- հայտնեցին ՀՔԾ-ից: Նրանց փոխանցմամբ` ՀՀ քր. դատ օր-ի 200-րդ հոդվածի կարգով միջնորդագիր է ներկայացվել ՀՀ ոստիկանության պետին հիշյալ ոստիկանների աշխատանքներում տեղ գտած թերություններն ու բացթողումները քննության առնելու, հետագայում չկրկնվելու ու բացառելու նպատակով, ինչպես նաեւ կարգազանց ոստիկաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 12-ին Կոմիտաս փողոցի բնակարաններից մեկում խեղդամահ արված կնոջ են գտել: Մեր տեղեկություններով` կնոջ մարմնի վրա բռնության հետքեր են եղել: Մահացածը  44-ամյա Լուսինե Ղազարյանն է, ով ուսուցչուհի էր աշխատում Արաբկիր վարչական շրջանի դպրոցներից մեկում:

Տուժածի մտերիմները Ոստիկանությանը մեղադրել էին դեպքի պահին իրենց ահազանգին երկուեւկես ժամ ուշացումով արձագանքելու մեջ։ Դրանից հետո Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ծառայողական քննություն էր սկսվել: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում սեպտեմբերի 10-ին հարուցվել էր քրեական գործ`Երեւան քաղաքի վարչության եւ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ հերթապահություն իրականացնող առանձին ոստիկանների` իրենց ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու դեպքի առթիվ՝ 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել