Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի հետ:
Զրուցակիցները հայ-ֆրանսիական բարձր մակարդակի միջպետական հարաբերություններում առանձնակի կարևորել են միջխորհրդարանական դիվանագիտության դերը: Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունելի է համարել «Ֆրանսիա-Հայաստան» միջխորհրդարանական բարեկամության խմբերի սերտ շփումներն ու արդյունավետ գործունեությունը, կարևորել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցությունը:
Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնը իր երկրի խորհրդարանի անունից պատրաստակամություն է հայտնել բարեկամության նույն ոգով շարունակելու և առավելագույնն անելու ընդհանուր արժեքների վրա հիմնված երկկողմ կապերն ամրապնդելու համար: Նա ընդգծել է, որ Ֆրանսիայում մեծապես գնահատում են Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին Հայաստանի՝ եվրամերձեցման ուղղությամբ իրականացվող ակտիվ աշխատանքը:
Նախագահ Սերժ Սարգսյանը և Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում երկուստեք կարևորել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև յուրահատուկ կամուրջ հանդիսացող ֆրանսահայ համայնքի դերը:
Կարդացեք նաև
Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիային և նրա բարեկամ ժողովրդին՝ այդ երկրում մեր հայրենակիցների նկատմամբ ջերմ վերաբերմունքի և հոգածության, իսկ Ֆրանսիայի խորհրդարանին՝ հայ ժողովրդի համար կարևորագույն հարցերում նրան մշտապես սատարելու համար:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:
Երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբերի անդամների հետ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ