«Դուք կարծում եք ձեր հարցը ճիշտ հասցատիրո՞ջն է ուղղված: 1400 մասնակիցներին հերթով պետք է հարցնե՞լ: Չեմ հետեւել գործընթացին, ես շատ լավ հետեւել եմ այդ երեխաների ճակատագրին հիվանդանոցներում ու հիվանդանոցից հետո: Բոլոր, այսպես ասած, չակերտավոր սրտացավ մարդկանց ուզում եմ հիշեցնել՝ ամեն երեխայի հետեւում կար ճակատագիր, եւ նրանց 99 տոկոսին այդ ծանր օրերին հիվանդանոցներում չեմ տեսել: Դրա համար այդ մարդկանց խորհուրդ եմ տալիս պետք չէ ձեր ձեռքերը տաքացնել այդ երեխաների արդեն ապաքինված, սպիացած վերքերի վրա: Վե՛րջ»,- Aravot.am-ին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով վերջերս «168 ժամ»-ին «Փուչիկների գործով» դատապարտյալ Սերոբ Բոզոյանի կնոջ՝ Մարինե Բոզոյանի ասածները, թե ՀՀԿ-ն մինչեւ օրս չի վճարել փուչիկների լիցքավորման համար:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ հրաժարվեց մեկնաբանություններից՝ բացատրելով, թե հարցը իրավական տիրույթում է. «Չգիտեմ վճարել է, չի վճարել: Դիմեք համապատասխան նախաքննող մարմնին, այնտեղ պատասխան կտան օրենքով սահմանված կարգով: Այդ գործը իրավապահ մարմինների տիրույթում է, չեմ մեկնաբանում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ