«Սովետսկի սպորտ» թերթը հարցազրույց է վերցրել «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախկին ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանից, որը խոսել է իր առողջության և այժմյան զբաղմունքների մասին.
«Չնայած արդեն չորս տարի է, ինչ թոշակի եմ անցել, բայց չեմ բողոքում առողջությունիցս: Հանգստանում եմ, բայց մարզակոշիկներս վերջնականապես չեմ կախել պատից: Մենք վետերաններով պարբերաբար հավաքվում ենք ու, կախված ֆիզիկական վիճակից, դաշտում անցկացնում այնքան ժամանակ, ինչքան հնարավոր է: Օլիմպիական սկզբունքով ենք առաջնորդվում. կարևորը ոչ թե հաղթանակն է, այլ մասնակցությունը: Հիմա նախապատրաստվում ենք «Արարատ»-ի ԽՍՀՄ առաջնության և գավաթի հաղթանակի 40 ամյակի կապակցությամբ մրցաշրջանին: Ամենայն հավանականությամբ՝ այն կլինի միջազգային մրցաշար ու մենք անպայման կհրավիրենք ռուս վետերանների»:
Ընտանիքի հետ կապված հարցին Ղազարյանը պատասխանել է.
«Այնպիսի կնոջ հետ, ինչպիսին իմ Գայանեն է անհանգստանալու առիթ չի լինում: Հմուտ տանտիրուհի է: Աշխատանքի պատճառով միշտ չէր, որ կարողանում էի ժամանակ անցկացնել երեխաների հետ: Երեխաների ամբողջ դաստիարակությունը Գայանեի վրա էր: Որդիս՝ Անդրանիկը, այժմ բանակում է ծառայում: Դուստրս՝ Մարիաննան, Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտի լրագրողական բաժնում է սովորում: Իր առաջին քննական աշխատանքը նա գրել է իմ ֆուտբոլային գործունեության մասին ու ամենաբարձր գնահատականին է արժանացել»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ