Մոսկվայում` նոյեմբերի 1-8-ը կայացած «Լուսափայլ հրեշտակ» (Луезарный Ангел) միջազգային կինոփառատոնում, Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանված «Եթե բոլորը…» ֆիլմը (ռեժ. Ն. Բելյաուսկենե, պրոդյուսեր, գլխավոր դերակատար Միքայել Պողոսյան), արժանացել է «Հանուն գթասրտության, բարության, արդարամտության, կարեկցանքի և մերձավորի հանդեպ սիրո կերպարի մարմնավորման համար» Ժյուրիի երկրորդ մրցանակին և դրամական պարգևի:
«Լուսափայլ հրեշտակ» կիոփառատոնը իրականացվում է Համայն Ռուսիո Կիրիլ Առաջին Պատրիարքի հովանու ներքո և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի տիկնոջ` Սվետլանա Մեդվեդևայի աջակցությամբ: Միջազգային այս լուրջ ստուգատեսը արդեն 9-րդ անգամ համախմբում է աշխարհի տարբեր երկրների կինոգործիչներին: “Բարի կինոն վերադառնում է” կարգախոսի ներքո անցկացված, կինոփառատոնը ներկայացրել է մեկ տասնյակ երկրներից ընտրված 67 ֆիլմ: Կինոփառատոնի ֆիլմերի ընտրությունը, ինչպես նաև ժյուրի որոշումները կայացվել են հիմնականում հոգևոր դասի ներկայացուցիչների կողմից:
Սա «Եթե բոլորը…» ֆիլմի թվով չորրորդ միջազգային մրցանակն է: Այս տարի ֆիլմը Հայաստանի կողմից ներկայացվել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում և անցել ընտրության առաջին փուլ` ընդգրկվելով ֆիլմերի Երկար ցուցակում: 2013թ-ի հունվարի 10-ին Կինոակադեմիան կհայտարարի ֆիլմերի միջանկյալ ցուցակը, իսկ փետրվարին հայտնի կդառնան «Օսկարի» հավակնորդ ֆիլմերը:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայություն