«Տեսակետների փոխադարձ ներկայացում», -Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ- «Ժառանգություն» քիչ առաջ ավարտված հանդիպումն այսպես բնորոշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա տեղեկացրեց, որ հանդիպմանը մասնակցել են իրենց կողմից ինքն ու Հովսեփ Խուրշուդյանը, իսկ ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանն ու Նաիրա Զոհրաբյանը: Հետաքրքրվեցինք՝ մոտեցումներում ընդհանուր եզրեր գտա՞ն: Պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ընդհանուր եզրերի խնդիր չկար: ԲՀԿ-ն ներկայացրեց իր օրակարգը, մենք՝ մերը: Եվ քննարկումը ծավալվեց այդ հարցերի շուրջ: Դեռ վաղ է խոսել հետագայի մասին, մենք հանդիպման մասին կուսակցության վարչությանը կզեկուցենք, այնուհետև ժամանակը ցույց կտա»:
Մեր այն հարցին՝ արդյոք տարբեր տեսակետների մասով համընկնումներ եղա՞ն, կամ միասնական թեկնածուով նախագահական ընտրություններին հանդես գալու հարց քննարկվե՞ց, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց. «Միասնական թեկնածուի հարց չի դրվել, բայց նախագահական ընտրությունների մասին խոսք եղել է, իհարկե, ոչ կոնկրետ թեկնածուների շուրջ»:
Հետաքրքրվեցինք հանդիպման արդյունավետության մասին: Ա. Մարտիրոսյանն այս կապակցությամբ ասաց. «Կարծում եմ արդյունավետության և ոչ արդյունավետության մասին պետք չէ խոսել, քանի որ կար հստակ ձևաչափ, ինչի շուրջ լինելու էր հանդիպումը և այդպիսին էլ կայացավ»:
Փորձեցինք հանդիպման մասին մանրամասներ ստանալ նաև ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ քննարկումները փակ են և իրավասու չէ բովանդակային մանրամասներ հրապարակել: Միայն փոխանցեց հետևյալը. «Մենք առաջադրեցինք մեր խնդիրները, որոնք կարծում ենք՝ քաղաքական ուժերի կոնսոլիդացիայի համար օրակարգային կարող են դառնալ և լրջագույն փոփոխություններ բերել երկրում: «Ժառանգությունը» ներկայացրեց իրենց կարևորագույն առաջարկները: Դրանք մենք կփոխանցենք մեր քաղաքական խորհուրդներին, այնուհետև կորոշվի հանդիպումների հետագա շարունակականությունը»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ արդյոք նախագահական ընտրությունների վերաբերյալ հարցեր քննարկվե՞լ են, Ն. Զոհրաբյանը ի պատասխան նշեց, որ իրավասու չէ հանդիպման մանրամասներ հրապարակել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ