Ի վերջո 16.6 միլիոն դոլար է տրամադրվել գյուղացիների համար դասախոսություններ կարդալուն, թե՞ 6.6 միլիոն: Aravot.am-ը փորձեց այս հարցը պարզել եւ ճշտել, թե ինչպե՞ս է ստացվել, որ «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի (ՀՄՀ) Ջրից դեպի շուկա (ՋդՇ) բաղադրիչին վերաբերող ծախսերի միեւնույն հաշվետվությունում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի «ձեռքի տակ» հայտնվել է 16.6 միլիոն դոլար, իսկ ֆինանսների նախարարության կայքէջում տեղադրված փաստաթղթում` 6.6 միլիոն:
Նախ նշենք, որ ծրագիրն ավարտված է եւ «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամ ՊՈԱԿ-ն այժմ լուծարման գործընթացում է: Իսկ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի» ղեկավար Էդգար Ավետյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ծրագրին վերաբերող փաստաթղթերն ինքն ընդամենը ժառանգություն է ստացել եւ այդ ամբողջն արխիվում է. «Այս պարագայում զուտ վերցնում ենք այդ թվերը, լրագրողների եւ բոլոր մնացած հարցում անողների հարցերին պատասխանում`հաշվի առնելով զուտ պայմանագրում զետեղված թվերը, կամ հաշվետվությունում զետեղված թվերը»:
Ըստ պարոն Ավետյանի, քանի որ կան պայմանագրեր, որոնք ավարտված են եւ կա այսպես ասած` դեֆեկտների վերացման ժամանակահատված, տնօրենն այս պարագայում, ինչպես ինքն ասաց`ընդամենը հետեւում է, որ կապալառուները դեֆեկտները վերացնեն:
Իսկ «Հազարամյակի մարտահրավերների» նախկին տնօրեն Արա Հովսեփյանը, որը 5 տարի ղեկավարել է այդ ծրագիրը եւ այժմ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրենն է, հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել, պատճառաբանելով, որ ինքն այլեւս ՀՄՀ-ի ղեկավարը չէ: «Չէ՞ որ Դուք 5 տարի տնօրեն եք եղել»,- մեր այս դիտարկմանը պարոն Հովսեփյանը պատասխանեց. «Չէ որ չկա, ես ուղղակի չեմ կարող մեկնաբանել որեւէ ձեւ, որովհետեւ խորացված չեմ տիրապետում` ով` ում ինչ է տվել, ոնց է տվել, ինչ է տեղակայված կայքէջում, եւ ի՞նչ թվերի մասին է խոսքը: Այդ ծրագիրը ես չեմ ղեկավարում եւ կոռեկտ չէ ինձ հարց տալը, ուրիշ բան ձեզ չեմ կարող ասել»: Aravot.am-ի այն հարցին էլ` գոնե որպես նախկին տնօրեն կարո՞ղ եք ասել, արդյոք 6.6 միլիոն դոլարը շատ չէ՞դասախոսությունների համար եւ ինչպե՞ս են հաշվարկել, որ այդքան մեծ գումար էր անհրաժեշտ միայն դասախոսությունների համար, պարոն Հովսեփյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ, եւ հորդորեց դիմել «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն», որտեղ մենք դիմել էինք նախքան պարոն Հովսեփյանի հետ զրույցը: Ընդ որում, պարոն Ավետյանն էլ մեզ հորդորել էր այդ հարցերով զրուցել պարոն Հովսեփյանի հետ:
Կարդացեք նաև
Կենտրոնի հրապարակած տեղեկանքում նշված է, որ վերապատրաստումների բաղադրիչի պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 18,7 միլիոն դոլար, որից «ԷյՍիԴիԱյ Վօկա» ամերիկյան ընկերության կողմից ղեկավարվող կոնսորցիումի մաս հանդիսացող «Վիստա Պլյուս» տեղական ընկերության կողմից տրամադրված ծառայությունների պայմանագրային արժեքը կազմել է 6,6 միլիոն դոլար: Ամեն մասնակցի մեկ օրվա դասընթացի արժեքը կազմել է մոտ 6,650 դրամ, որը ներառում էր հետեւյալ ծախսերը. վերապատրաստողի վարձատրություն, դասընթացի կազմակերպում, տպագրական նյութեր, լսարանի նախապատրաստում, տեխնիկական ապահովում, սննդի եւ օրական 2 անգամ սուրճի ընդմիջման ապահովում տրանսպորտային ծախսեր եւ այլն: Ընդհանուր առմամբ, վերապատրաստվել է 81.7 հազար ֆերմեր:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այս խնդիրը բարձրացնելով՝ ՀՀ դատախազության ուշադրությունն է հրավիրել թվերի անհամապատասխանության վրա:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ