Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ում տարածվել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարի նամակը

Նոյեմբեր 12,2012 20:40

 Միավորված ազգերի կազմակերպությունում տարածվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի նամակը` որպես ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի և Անվտանգության խորհրդի փաստաթուղթ:

Նամակում նշվում է, որ Ադրբեջանը ստահոդ քարոզարշավ է ծավալել Ստեփանակերտի օդանավականայի վերագործարկման վերաբերյալ` նպատակ ունենալով ապակողմնորոշել միջազգային հանրությանը և արդարացնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման` Ադրբեջանի  կողմից  իրականացվող քաղաքականությունը:

Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը ԼՂՀ ինքնիշխան իրավունքն է և հետապնդում է  բացառապես քաղաքացիական ու մարդասիրական նպատակներ`  ներառյալ մարդու այնպիսի հիմնարար իրավունքի իրացումը, ինչպիսինն է տեղաշարժի ազատությունը: Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող շրջափակումը մշտական և լուրջ խոչընդոտ է դարձել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական բնակչության  տեղաշարժի ազատության համար, որը նաև հանգեցնում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և այլ առանցքային միջազգային համաձայնագրերում ամրագրված մարդու մյուս հիմնարար իրավունքների խախտմանը:  Ադրբեջանի նման քաղաքականությունը հստակորեն վկայում է նրա բացահայտ արհամարհանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ ու քաղաքացիական բնակչության նկատմամբ կոլեկտիվ պատիժ կիրառելու քաղաքականության շարունակությունն է հանդիսանում,- ասվում է ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավարի նամակի մեջ:

Քաղաքացիական օդանավերը ոչնչացնելու մասին Ադրբեջանի սպառնալիքները հակասում են միջազգային քաղաքացիական ավիացիայի  մասին դաշնագրին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացի շրջանակներում «քաղաքացիական օդանավերի նկատմամբ ուժի կամ ուժի կիրառման ցանկացած սպառնալիքից խուսափելու, տվյալ հիմնախնդիրը բացառապես դիվանագիտական ճանապարհով լուծելու և նրա քաղաքականացումը չթույլատրելու» մասին Ադրբեջանի ստանձնած պարտավորությանը:

«Նման սպառնալիքները, ինչպես և ամբողջ աշխարհի հայերին Ադրբեջանի թիվ մեկ  թշնամին հռչակելու մասին ամենաբարձր մակարդակով հայտարարությունները բացահայտ կերպով ցույց են տալիս, որ հակահայկական հիստերիան և մարդատյացությունը վաղուց են դարձել Ադրբեջանի պետական քաղաքականության մի մասը: Այդ քաղաքականության վերջին ամենացնցող դրսևորումն էր Հունգարիայում ատելության հողի վրա դաժան սպանություն կատարելու համար ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին ներման շնորհումը և ազգովի փառաբանումը: Այս համատեքստում Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների քայլերը, մասնավորապես այնպիսիք, ինչպիսիք են Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը կանխելու նպատակով «բոլոր անհրաժեշտ միջոցները» կիրառելու պատրաստակամության մասին հայտարարությունները, ինչպես նաև քաղաքացիական ինքնաթիռները ոչնչացնելու վերաբերյալ հնչեցված սպառնալիքները մեր իշխանությունները գնահատում են որպես անպատասխանատու և քաղաքական շարժառիթներով պայմանավորված գործողություններ»,- նշվում է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարի նամակում:

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը դիմել է ՄԱԿ գլխավոր քարտուղարին, Միավորված ազգերի կազմակերպությանը և նրա մասնագիտացված գործակալություններին, ինչպես նաև բոլոր խաղաղասեր անդամ-պետություններին Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հարցում աջակցություն ցուցաբերելու կոչով, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը կարողանա իրացնել իր հիմնարար իրավունքները և ազատությունները:

Կարեն Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը կնպաստի միջազգային քաղաքացիական ավիացիայի  մասին դաշնագրի նպատակների և խնդիրների իրականացմանը և կարող է ծառայել որպես վստահության ամրապնդման միջոց` նպաստելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցություններում առաջընթացի ապահովմանը:

Նամակի ամբոզջական տեքստին կարող եք ծանոթանալ հետևյալ հասցեով`  https://nkr.am/hy/news/2012-11-12/465/

 

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն       

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930