Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավոր. «Արժե տեսնել, թե միմյանց մարտի 1-ի եւ այլ մեղքերի մեջ մեղադրող ուժերը ինչպես են կանգնելու կողք-կողքի»

Նոյեմբեր 12,2012 20:28

Պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ եք մտածում ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր մերձեցման մասին, հավանական համարո՞ւմ եք, որ իրականություն կդառնա Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը միասնական թեկնածուով հանդես գալու մասին, եւ, արդյոք ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի հնարավոր միասնական թեկնածուն ՀՀԿ-ի թեկնածուի համար լուրջ այլընտրանք կդառնա՞, Ազգային ժողովի պատգամավոր Մարգարիտ Եսայանն ասաց. «Կարծեմ, նոր բան չեմ ասի, եթե հիշեցնեմ, որ քաղաքականությունն առանց ինտրիգի ոչինչ է, իսկ քաղաքական այն ուժերը որոնք տվյալ պահին չունեն իշխանական լծակներ եւ խնդիր ունեն փրկել կամ պահպանել սեփական դիմագիծը, առանց ինտրիգի՝ դատապարտված են մոռացության: Եվ քանի որ նախընտրական շրջան է, չափազանց կարեւոր նախագահական ընտրություններից առաջ, քաղաքական տարբեր ուժեր ինքըզինքը փրկելու եւ ինքնադրսեւորվելու խնդիր ունեն, ուստի, տարբեր ձեւաչափերով հանդիպումների, քննարկումների, իրենց անվան շուրջը իբր տեղեկատվական դաշտ ստեղծելու փորձեր են անում: Ձեր նշած ուժերի վերջին օրերի ռեւերանսները դիտարկում եմ հենց այդ հարթությունում եւ մտածում եմ, որ քաղաքականությունը ի թիվս այլ խնդիրների, նաեւ՝ բառերի արվեստ է, բառերով տարբեր հորինած հնարավորություններ ստեղծելու, հասարակությանը տարբեր հնարավոր եւ անհնարին սցենարներ նետելու արվեստ, ինչը եւ տեսնում ենք վերջին օրերին:

Համոզված եղեք, պղտորված ջրերը կպարզվեն հենց պղտորողների ձեռամբ եւ ամեն ինչ իր տրամաբանական վիճակին կհանգի: Իսկ ինչ-որ միասնական թեկնածուի մասին խոսել կամ կարծիք հայտնելը անլուրջ եմ համարում, քանի որ ես սովոր եմ խոսել եղած եւ իրական բաների մասին, իսկ այն, ինչ ֆանտաստիայի ժանրից է, կներեք, իմը չէ: Ես իրատես եմ, իսկ իրականությունն այն է, որ Հանրապետականի թեկնածուն միակ լուրջ եւ անհրաժեշտ թեկնածուն է»:

Տիկին Եսայանը նաեւ հավելեց. «Ի դեպ, եթե այդ «միասնականը» հնարավոր լինի, բավականին զվարճալի վիճակ կստեղծվի, եւ արժե տեսնել, թե միմյանց մարտի 1-ի եւ այլ մեղքերի մեջ մեղադրող ուժերը ինչպես են կանգնելու կողք-կողքի՝ հասարակության առջեւ, որի 10 զավակները զոհվեցին այդ ողբերգական դեպքերի ժամանակ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930