Ինչպես տեղեկացրել ենք, երեկ հարազատ քաղաք է վերադարձել Գյումրու նախկին քաղաքապետի` Վարդան Ղուկասյանի հետախուզման մեջ գտնվող որդին`հանրահայտ Սպարտակը: Նա 2 ամիս շարունակ փախուստի մեջ էր` Գյումրու ավագանու անդամի թեկնածու Էդգար Մկրտչյանի հետ խուլիգանական կռիվ սարքելու ու քաղաքի կենտրոնում կրակոցներ հնչեցնելու պատճառով: Նրա, ինչպես նաև մի քանի հոգու դեմ հարուցվել էր քրեական գործ` Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` խուլիգանություն կատարելը, ապօրինի զենք, զինամթերք պահելն ու կրելը:
Այս գործի մեջ մեղադրվող երկու անձիք, այդ թվում նաև Վարդան Ղուկասյանի թիկնապահը, ձերբակալված են, երկու հոգի գտնվում են հետախուզման մեջ: Իսկ նույն հոդվածներով մեղադրվող Սպարտակ Ղուկասյանը, որը միջադեպի գլխավոր հերոսն է, Վրաստանից վերադառնալուն պես երեկ ազատ արձակվեց Գյումրու ոստիկանությունից : Ոստիկանությունը նրա համար որպես խափանման միջոց ընտրեց ստորագրություն չբացակայելու մասին, որն էլ հերթական անգամ ապշահար արեց գյումրեցիներին:
Այսօր Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի երդմնակալման արարողության ժամանակ գրեթե բոլորը Սպարտակի վերադարձից էին խոսում, և զարմանում, թե ինչպե՞ս եղավ, որ նա այս անգամ էլ ազատ արձակվեց, երբ նրա ընկերները ձերբակալված են:
Aravot.am-ն այսօր ամբողջ օրը ոստիկանության տարբեր պատասխանատուներից, այդ թվում նաև Շիրակի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանից փորձեց ճշտել, թե որտե՞ղ է գտնվել Սպարտակ Ղուկասյանը, և ինչպե՞ս է, որ համաձայնել են գրավի դիմաց նրան ազատ արձակել, երբ ընկերները ձերբակալված են, 2 ամսվա մեջ արդեն 3-րդ անգամ են երկարացնում նրանց նախնական կալանքի ժամկետը: Սակայն այդպես էլ մեզ չհաջողվեց ստանալ այս հարցերի պատասխանը: Հատկապես, երբ հարցը վերաբերում էր Սպարտակ Ղուկասյանի գտնվելու վայրի մասին, պատասխանում էին, որ գործը նախաքննության մեջ է, և ելնելով նախաքննության շահերից`գտվելու վայրը չեն հրապարակում:
Կարդացեք նաև
Ինչպես մեկ ամիս առաջ տեղեկացրել էինք, Սպարտակ Ղուկասյանը հարևան Վրաստանում էր, հանգստանում էր Բաթումիի շքեղ հյուրանոցներից մեկում` «Շերատոնում», անգամ Գյումրվա տոնն էր այնտեղ նշել: Իսկ հիմա, երբ ծովափնյա հանգստի շրջանն անցել է, ցուրտ է, Սպարտակը որոշել է հայրենիք վերադանալ:
Մեր աղբյուրներն ասում են, որ տնեցիները նրա վերադարձը տոնի են վերածել, մատաղ են արել ու նրա պատվին 7 գառ մորթել: Ի դեպ, այս տեղեկությունը մեզ հաղորդեց Ղուկասյանների մատաղին հրավիրվածներից մեկը :
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ