Կապանի 3-4 թաղամասեր այսօր առանց ջրի էին մնացել` քաղաքի այդ հատվածները ջուր սնուցող հնամաշ ջրագծի վրա երեկվանից տեղի ունեցած վթարի հետեւանքով: Կապանի Մելիք Ստեփանյան փողոցի բազմաբնակարան շենքերի բնակիչներն այսօր առավոտվանից ստիպված էին մոտակա անհատական տների աղբյուրների ջրերից օգտվել կամ շշալցված ջուր գնել:
Առավոտվանից ջուր չեն ունեցել նաեւ Ռաֆայել Մինասյան փողոցի բնակիչները, որոնցից շատերը նույնիսկ տեղյակ չէին, թե ինչու նրանց ջուր չի մատակարարվել եւ ինչքան ժամանակից ջուր կունենան: «Եթե իմանայինք ջուր չենք ունենալու, գոնե «զապաս» ջուր կվերցնեինք` ճաշ եփելու կամ խմելու համար: Ընդամենը մի շիշ ջուր կար երեկվանից մնացած, դա էլ միշտ լցնում ենք դնում ծորակի մոտ, որ նստվածք տա ջրի հետ եկող մանր ավազները, հետո խմենք: Խանութից մի մեծ շիշ առել եմ օգտագործենք` մինչեւ երեկոյան ջուր տան», – նշեց Ռ. Մինասյան փողոցում վարձով բնակվող տիկին Սաթիկը:
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հարավային մասնաճյուղից տեղեկացրեցին, որ տվյալ թաղամասերում ջրագրաֆիկի խախտում է տեղի ունեցել երեկվանից գրանցված ջրագծի վթարի պատճառով, որը վերականգնվում է եւ ամենաուշը 2 ժամից արդեն ամբողջ քաղաքն ապահովված կլինի ջրով:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ