Երեկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, տեղի ունեցավ «Նվիրում Կոմիտասին» խորագրով գրական-երաժշտական երեկո: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետի աջակցությամբ կազմակերպված համերգը Կոմիտասին հանրամատչելի դարձնելու հերթական ծրագիրն է:
Երեկոյի բացումը կատարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Արմեն սարկավագ Սահակյանը. «Հիշենք, որ Կոմիտասը հռչակ ձեռք բերեց աշխարհի շատ բեմերում, բայց այսօր էլ նա կա այնտեղ, որտեղ կա հայ: Կոմիտասն ապրում է մեր սրտերում. նրան ապրեցնում են այն մարդիկ, ովքեր նրա գործերը ներկայացնում են մեզ»:
Երիտասարդ մեներգիչ Արտակ Ալավերդյանը կատարեց Կոմիտասի աշխարհիկ երգերից, ինչպես նաեւ՝ հոգեւոր երգեր՝ դաշնակահարուհի Կատարինե Հովսեփյանի նվագակցությամբ:
Կարդացեք նաև
Երեկոյի գրական հատվածը ներկայացրեց դերասան, ասմունքող Խորեն Լեւոնյանը՝ հանդիսատեսին ծանոթացնելով Կոմիտասի կյանքին, գործունեությանը եւ պատգամներին:
«Ոչ մի խոչընդոտ չի կարող կանգնեցնել զիս իմ առաքելության մեջ, որը նվիրականություն է: Ես պիտի հասնիմ իմ բուն նպատակին՝ հայկական երաժշտության գանձերը դուրս պիտի բերեմ հայրենի ավերակներեն: Մեր ազգի ժողովրդական երգերն այնքան բնորոշիչ են, որ չի կարելի օտար եւ ցեղակից ազգերի հետ խառնել»,-վարդապետի խոսքերը մեջբերեց Լեւոնյանը:
Նա նշեց, որ Կոմիտաս վարդապետը հատկապես մտահոգված էր կրթության եւ դաստիարակության վիճակով. «Նրա նշանավոր պատգամն է՝ «Ուսուցիչ-պարոններ ու քույրեր, զգուշությամբ եւ երկյուղածությամբ մոտեցեք դաստիարականության գործին, խիստ փափուկ պաշտոնմն է Ձերը: Դաստիարակելու կոչված եք սերունդ մը, որը ապագա ազգն է: Սխալ ուղղությամբ ազգը կխորտակեք»: Կոմիտասի ասած ապագա ազգը մենք ենք՝ այստեղ հավաքվածներս, եւ այս երեկոն ընդունենք որպես մեծագույն սիրո եւ հարգանքի նվիրում՝ Կոմիտասին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ