Լրահոս
Օրվա լրահոսը

«Լոլիկ, վարունգ, թթվասեր արտադրելով՝ տնտեսություն չես զարգացնի». Արմեն Պողոսյան

Նոյեմբեր 12,2012 17:24

Ոչ ադեկվատ տնտեսական քաղաքականությունը մեր երկրի հիմնական խնդիրն է: Այս համոզմանն է «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը: Անդրադառնալով օրերս պանրի շուկայում արձանագրած պանրի որակի եւ սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներին՝ սպառողների պաշտպանը մտահոգություն հայտնեց, որ տուգանքներով հարցը չի լուծվի:

Նրա խոսքերով, տուգանելը չի ենթադրում վիճակի լավացում. «Զեկուցում են, որ տուգանել են այսքան միլիոն դրամ, բայց դա չի նշանակում, որ վիճակը լավանում է, պետք է լինի պրոֆիլակտիկ քայլեր, այդ տնտեսվարողներին խորհրդատվություն մատուցեն եւ այլն: Փորձը ցույց է տվել, որ տուգանքներից միայն փոքրերն են հայտնվում հարվածի տակ: Պանիր արտադրող 18 ձեռնարկություն տուգանվել է ցուպիկի առկայության պատճառով: Մանր ու միջինին պատժում են նույն չափով, ինչքան որ խոշորին, պատիժը պետք է լինի դիֆերենցված, մեծերը չեն տուժում, փոքրերը` սնանկանում ու մահանում են, այսինքն` մեթոդապես շատ սխալ է եւ անընդունելի»:

Պարոն Պողոսյանի խոսքերով, մեր երկրի տնտեսությունը շատ վատ ցուցանիշներ ունի. «Ի՞նչ ենք մենք արտադրում բացի սննդից, ոչինչ, պոմիդոր, վարունգ, պահածո, երշիկ, թթվասեր, գարեջուր, աշխարհում չկա այդպիսի երկիր, որ սնունդ չարտադրի, դա նվաճում չէ, կա արտահանման պոտենցիալ»:
Սպառողների պաշտպանը նաեւ դժգոհություն հայտնեց, որ հասարակական կառույցները չունեն բավարար մասնակցություն պետական գործերին. «Բոլոր խնդիրների լուծումը հասարակական եւ պետական մարմինների բարյացակամ համագործակցությունն է, եթե ես իմանում եմ պանիրի կամ սիբիրախտի մասին մամուլից, դա չեղավ աշխատանք, մեկը մյուսից անկախ են, մեր մասնակցությունը միայն օգուտ կարող է բերել եւ օբյեկտիվություն ու օպերատիվություն ապահովել: Բոլոր պետական մարմիններում ստեղծված են հասարակական խորհուրդներ, բայց ցուցանակ կպցնելով՝ չի փոխվում: Պետական մարմինը ունենում է գերատեսչական շահեր, եւ այդ շահը թելադրում է, որ քիչ ինֆորմացիա դուրս գա»:

Արմեն Պողոսյանի խոսքերով. «Հասարակական կառույցը ոչ իրավասություն, ոչ էլ ցանկություն ունի ստուգելու: Սննդի պետական տեսչության հետ մշակել ենք ստուգումների պլանը, Շիրակ եւ Լոռի մարզեր այցելել ենք, հայտնաբերել առեւտրի պայմանների, կանոնների խախտումներ, բայց 3-րդ, 4-րդ մարզը չեն այցելում:

Նույնը Երեւանի քաղաքապետարանի առեւտրի վարչության հետ բավականին խնդիրներ վերհանելուց հետո դադարեցվեց համատեղ այցելությունները: Եթե քաղաքապետը փոխվում է, դա չի նշանակում, որ սննդի որակի ստուգման նկատմամբ մոտեցումները պետք է փոխվեն»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930