Այսօր ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանելով ՀԱԿ-ԲՀԿ հանդիպումը, ասաց. «Ինչպես գիտեք, շաբաթ օրը մենք հանդիպեցինք ՀՅԴ-ի հետ, բավականին արդյունավետ քննարկումներ եղան: Կարծում ենք, հնարավոր է ձեւավորել միասնական քաղաքական այն օրակարգը, այն քաղաքական հիմնախնդիրները, որոնք կարող են բերել համակարգային փոփոխությունների: ՀՅԴ-ի հետ քննարկումները, բնականաբար, շարունակվում են: Այսօր մենք հանդիպեցինք ՀԱԿ-ի հետ: Թեեւ մենք առաջարկել էինք մեր օրակարգը, քննարկումը այստեղ չհրապարակի, որովհետեւ փակ քննարկում էր, միայն ի վերջո կարող եմ փաստել, որ քննարկումները ՀԱԿ-ի հետ եւս շարունակվելու են»:
Նաիրա Զոհրաբյանը նաեւ նշեց, որ այսօր երեկոյան էլ հանդիպելու են «Ժառանգության» հետ. «Այսօր ես պաշտոնապես դիմել եմ նաեւ ՀՀԿ եւ ՕԵԿ կուսակցություններին: Առաջարկն ընդունելու իրավունքն իրենցն է: Կընդունեն առաջարկը, մենք իրենց հետ եւս կքննարկենք խնդիրը, չեն ընդունի՝ իրենց գործն է»:
Հարցին՝ ՀԱԿ-ի հետ միասնական թեկնածուի հարցը քննարկե՞լ եք՝ նա պատասխանեց, որ անձերի վերաբերյալ որեւէ քննարկում չի եղել. «Որեւէ հարցի այդ մասին չեմ պատասխանելու, որեւէ հարցի, որեւէ շեշտադրման չեմ պատասխանելու»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի՝ «Ազատություն» ռ/կ-ին արած արտահայտությանը, որ չի բացառում, որ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն կունենան միասնական թեկնածու՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Քննարկումները շարունակվում են, այդ մասին չեմ պատասխանելու»:
Ավելի ուշ Aravot.am-ի հետ զրույցում եւս տիկին Զոհրաբյանը հորդորեց Լեւոն Զուրաբյանի այդ հայտարարության հետ կապված դիմել հենց նրան. «Ես այդ մասին որեւէ բան չեմ ասելու, չեմ պատրաստվում մեկնաբանել ՀԱԿ-ի որեւէ հայտարարություն»:
Վարդան Օսկանյանը ԶԼՄ-ներին ասել էր, որ ՀԱԿ-ԲՀԿ հանդիպման մասին հայտարարություն կլինի, սակայն Նաիրա Զոհրաբյանը հերքեց դա՝ ասելով, որ որեւէ հայտարարություն այդ մասին չի լինելու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ