Այսօր Գյումրու «Հոկտեմբեր» կինոդահլիճում դատախազների, դատավորների, ռեկտորների ու քաղաքի մյուս պաշտոնյաների մասնակցությամբ տեղի ունեցավ Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի երդմնակալությունը: Այն առանձնապես աչքի չընկավ հետաքրքիր ու ազդեցիկ ելույթներով:
Միակը, որը տարբերվեց իր խորիմաստությամբ, Շիրակի հոգևոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի խոսքն էր: Նա Սամվել Բալասանյանին խորհուրդ տվեց քաղաքը մաքրել փոշուց, իհարկե` այս բառի տակ ի նկատի ունենալով նաև քծնող ու քաղաքի մթնոլորտը փչացնող մարդկանց:
Նշենք, որ սա թերևս առաջին անգամն էր, որ սրբազանը մասնակցում էր Գյումրու քաղաքապետի երդման արարողությանը. նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ Շիրակի հոգևոր թեմի առաջնորդի «ջրերը մի առվով չէին հոսում», հետևաբար և սրբազանը հատուկ հյուրերի ցանկում տեղ չէր գտնում:
Կարդացեք նաև
Այսօր Սամվել Բալասանյանի երդմնակալման արարողությանը չէր եկել նաև Շիրակի մարզպետ, գեներալ Աշոտ Գիզիրյանը, որը խորհրդակցության էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ: Չէին եկել նաև ԱԺ պատգամավորները. ԱԺ քառօրյան է սկսվել, նրանք ևս նիստի էին:
Էլ չենք խոսում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասին, որին, ամենայն հավանականությամբ, մտքերով անգամ չէին անցկացրել հրավիրել: Փոխարենը բավականաչափ շատ էին անվտանգության աշխատակիցները, ոստիկանները շրջափակել էին «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքը: Aravot.am-ը պարոն Բալասանյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են այսքան շատ անվտանգության աշխատակիցները, մի՞ թե դա կապված է Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի վերադարձով: Սամվել Բալասանյանը, լսելով միայն հարցի առաջին մասը, ավելի ճիշտ`անվտանգության աշխատակից բառը, սկսեց նորից պարզաբանել, որ ինքը «ախրաննիկի կարիք չունի, իր ախրաննիկը ինքն է լինելու»: «Ես ոչ մի անվտանգության աշխատող չունեմ, ես ունեմ պարետային ծառայություն, որը ընդունված է և հիմա իրականացնում են իրենց համապատասխան ծառայությունը: Ես որևէ ախրաննիկ չունեմ, չունեմ էդպիսի մարդ, ինձ հասնում է նույնիսկ, գիտեք ես 2, թե 3 հոգի էդպիսի հաստիք ունեմ, նույնիսկ պայմանագիր ենք հանել, 150 հազար էլ ինչ-որ պարտք են էդ կազմակերպությանը: Ասել եմ՝ ինձ պետք չէ, ես ինձ կպաշտպանեմ»,- ասաց Գյումրու նորընտիր քաղաքապետը:
Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց, թե մտավախություն չունի՞, որ Սպարտակ Ղուկասյանը վերադարձել է, որը կարող է գալ ու կռիվներ սարքել Գյումրու քաղաքապետարանում: «Մտավախություն դուք պետք է ունենաք, ես ինչի՞ պիտի ունենամ, ինչի՞ց, ումի՞ց»: Լրագրողները հիշեցրեցին` «Մոռացա՞ք, պարոն Բալասանյան, Սպարտակը ընտրություններից առաջ եկել, ձեր դռան դիմաց դարանակալել էր»: «Հա՞, էդպիսի բան է եղե՞լ, չէ, ես տեղյակ չեմ, ո՞վ կարող է իմ դռան դիմաց դարանակալել, աբսուրդի հասնող խոսակցություններ են, մի հավատացեք, ես կաշխատեմ, խնդիր չեմ տեսնում, որևէ պրոբլեմ չկա», -համարձակորեն հայտարարեց նորընտիր քաղաքապետը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ