Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ասյա Պողոսյան. Ես տեսել եմ «Թեհրան 43-ի» իրական հերոսներին

Նոյեմբեր 12,2012 16:40

1980թ. «Мосфильм»-ը, «Mediterraneo Cine»-ը եւ «Pro Dis Film»-ը համատեղ նկարեցին «Թեհրան 43» հայտնի ֆիլմը, որտեղ խաղում են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ալեն Դելոնը, Կուրդ Յուրգենսը, Արմեն Ջիգարխանյանը, Իգոր Կոստոլեւսկին, Նատալյա Բելախվոստիկովան եւ ուրիշներ: «Թեհրան 43-ը», ի թիվս ուրիշների, նաեւ իրանահայ հետախույզ Գեւորգ Վարդանյանի խմբի պատմությունն է: Նրանք կարողացան կանխել Չերչիլի, Ռուզվելտի եւ Ստալինի հանդիպման ժամանակ նախատեսված տեռորիստական ակցիան: Ըստ ԶԼՄ-ների, 2007-ի նոյեմբերին, Թեհրանի գագաթաժողովի 64-րդ տարեդարձի օրերին, հատուկ Մոսկվա է ժամանել Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինստոն Չերչիլի թոռնուհի Սելիա Սանդիսը` անձամբ շնորհակալություն հայտնելու հետախույզներ Գեւորգ եւ Գոհար Վարդանյաններին՝ իր պապի անվտանգությունը 1943 թ. Թեհրանում ապահովելու համար:

Ծնունդով իրանցի Ասյա Պողոսյանը, որն այժմ բնակվում է Գերմանիայում, Aravot.am-ի հետ զրույցում պատմում է, որ 9 տարեկան աղջնակ էր, երբ աչքով տեսավ այն մեքենան, որի մեջ նստած էին Ռուզվելտը, Ստալինն ու Չերչիլը: «Մանուկ էինք, տարրական դպրոցի սան: Մեր հայոց դպրոցը Նադրի պողոտայի վրա էր՝ Թեհրանի կենտրոնում, որտեղ հայկական եկեղեցի կար, հայտնի շինություններ… Չեմ հիշում, կամ մեզ դպրոցից արձակել էին, որ կանգնեինք ու ծափահարեինք այդ մարդկանց, որովհետեւ այդ ժամանակ թագուհի-թագավոր կային, հենց անցնում էին, ծափահարում էինք, կամ էլ մեր դասերն էին ավարտվել, ուղղակի գիտեինք ու սպասում էինք: Մեկ էլ Նադրի պողոտայով եկան մեքենաները, վստահ՝ անգլիական դեսպանատնից էին դուրս եկել, որովհետեւ Նադրիի հետեւի մասում անգլիական դեսպանատունն էր, իսկ սովետական դեսպանատունը Ստալինի պողոտայի վրա էր:

Այն ժամանակ Պարսկաստանի ժողովուրդը ֆիֆթի-ֆիֆթի սովետի կողմն էր, որոշներն էլ հակա էին: Հայերը կողմ էին, որովհետեւ Հայաստանը սովետական հողի վրա էր, իմ պապն էլ միշտ ասում էր՝ սիստեմները կգան ու կերթան, իսկ մեր երկիրը միշտ կմնա, ուրեմն չպիտի վատ ասենք էդ երկրի մասին…Փաստորեն, ես տեսել եմ «Թեհրան 43»-ի իրական հերոսներին»,-հիշում է տիկին Ասյան:

Նա կարծում է, որ այսօր փոխանակ երկչոտ պահվածքի, պետք է հայազգիների լավագույն կռվանները ներկայացնել եվրոպական եւ ամերիկյան նախագահներին. «Երկու ամուսինները՝ Գոհար եւ Գեւորգ Վարդանյաններն են էն ժամանակ փրկել Եվրոպան եւ Ամերիկան, նրանք իրանցի հայ հակաֆաշիստ հետախույզներ էին: Իրենք կանխել են մեքենայի պայթեցումը, ու հիմա նրանց մասին շատ բան չգիտեն: Երբ սովետը բացվեց, անգամ պարսկահայերը իմացան նրանց մասին, մինչդեռ շատերը գուցե անձնապես ճանաչում էին ամուսիններին: Մենք միշտ լացում ենք մեր իրավունքների վրա, ողորմություն ենք խնդրում Եվրոպայի եւ ԱՄՆ-ի նախագահներից, մինչդեռ պիտի բարձրաձայնենք նման բաների մասին»:

Տիկին Ասյան շուրջ 45 տարի ապրում է Գերմանիայում, Ֆրանկֆուրտի հայ մշակութային միությունն է ղեկավարում, որի ներքո գործում է շաբաթօրյա հայկական դպրոց: Ասում է ՝ դասագրքերը ստացվում են Հայաստանից, դպրոցում էլ նշվում են բոլոր հայկական տոները: Իր երկու թոռները «Արի տուն» ծրագրի շրջանակներում հյուրընկալվել են Հայաստանում: Նա սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին առաջարկել է, որ հայաստանցի երեխաներն էլ հյուրընկալվեն գերմանահայ ընտանիքներում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930