Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱԿ ակտիվիստների գործով դատավարությունում դատավորը մերժեց բոլոր միջնորդությունները (Տեսանյութ)

Նոյեմբեր 12,2012 16:34

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում ազատազրկման դատապարտված ՀԱԿ ակտիվիստների գործով դատավարությունն էր: Ամբաստանյալների պաշտպան Ստեփան Ոսկանյանի բոլոր միջնորդությունները դատարանը մերժեց: Ս. Ոսկանյանը միջնորդեց դատարանին, որպես վկա հարցաքննության հրավիրել գործով տուժող, ոստիկան Շահեն Հարությունյանին եւ պարզել, թե նա ինչ պայմաններում է հեռախոսով տեսագրել դեպքը, եւ միջոցներ ձեռնարկել այդ հեռախոսը գտնելու համար: Ըստ պաշտպանի, տուժողը առաջին ատյանի դատարանում, հեռախոսի վերաբերյալ խուսափողական պատասխաններ է տվել:

Ամբաստանյալների մյուս պաշտպան Վահե Գրիգորյանն էլ հավելեց, որ տուժողը պատրաստ էր առաջին ատյանի դատարանում պատասխանել այդ հարցերին, թե օրինակ որ հեռախոսահամարն է օգտագործվել տեսանկարահանման պահին, ինչը կօգներ, որ ոստիկանները արագ հայտնաբերեին այդ հեռախոսը, սակայն նախագահողի կողմից այդ հարցերը որակվեցին անձնական տեղեկատվություն ստանալու հարցեր եւ արգելվեցին:

Դատարանը նույն հիմնավորմամբ մերժեց պաշտպանների մյուս միջնորդությունը եւս՝ հարցաքննման համար դատարան հրավիրել գործով վկա Նշե Մոդոյանին: Ըստ պաշտպանի, նախնական վկայության համաձայն, Մոդոյանը տեսել է ոստիկանների ու քաղաքացիների փոխադարձ քաշքշուկը, իսկ հետո վկայության համաձայն, թե ինչպես է ոստիկաններից մեկը քաղաքացու երեսին հարվածել. «Այս վկան, չտիրապետելով գրավոր եւ բանավոր հայերենին, առ ժամանակ, առանց թարգմանչի է հարցաքննվել, երբ նրա ընկերը հարբած վիճակում միացել է հարցաքննմանը, քննիչը ներգրավվել է որպես թարգմանիչ: Հետագայում այս վկան տեղեկացվել է, որ իր վկայությունը լրիվ փոխվել է ու տեղ են գտել հանգամանքներ, որոնք ինքը չի ասել»:

Դատախազ Հակոբ Մարտիրոսյանն էլ , առարկելով միջնորդությունը, պնդեց, որ առաջին ատյանի դատարանում ներկայացվել են փաստաթղթեր, որ Մոդոյանը Հայաստանում չէ, չնայած, ըստ դատախազի, իրականում այդպես չէր, պարզապես Մոդոյանը չի ցանկացել ներկայանալ: Ըստ Մարտիրոսյանի, Մոդոյանի պատմածները վերաբերել են ամբաստանյալներ Արտակ Կարապետյանի եւ Տիգրան Առաքելյանի դրվագին, բայց նախաքննության ժամանակ Արտակն ասել էր, որ հարված չի եղել, նրան հրել են: Այս հիմնավորմամբ էլ նա պնդեց մերժել միջնորդությունը:

Պաշտպանն էլ առաջարկեց հենց Արտակից ճշտել, թե ինքը որ դրվագն է նկատի ունեցել:

Դատարանը մերժեց նաեւ գործով վկա Անի Գեւորգյանին, Հայկ Գեւորգյանին, Վահագն Հովակիմյանին դատարան հրավիրելը: Ըստ պաշտպանի, Անին դեպքի օրը գտնվել է «Հայկական ժամանակ » օրաթերթի խմբագրությունում, իսկ դեպքի վայրում լինելու մասին ոստիկանները ցուցմունք են տվել. «Նրանք հրահանգավորված են եղել»:

Դատարանը չբավարարեց նաեւ Արեգ Գեւորգյանին, Սահակ Մուրադյանին, Եվա Թովմասյանին դատարան հրավիրելու եւ մեղադրվող Տիգրան Առաքելյանի՝ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին հրավիրելու միջնորդությունը: «Մի քիչ դժվարությամբ կարտաբերեմ հարգելի դատարան բառը, բայց կասեմ դատարանի մասին իմ պատկերացումներից ելնելով: Համարում եմ, որ այս քրեական գործը պատվիրված է եղել եւ պատվիրատուն եղել է Կանաչուտ գյուղի բնակիչներից մեկը, որը բախտի բերմամբ, թե պատահմամբ 2009-ին աշխատում էր որպես ոստիկանապետ, Ալիկ Սարգսյանի մասին է խոսքը: Խնդրում եմ նրան հարցաքննել»,- ասաց Տ. Առաքելյանը:

Վ. Գրիգորյանն էլ հավելեց, որ Սարգսյանի՝ հրապարակավ հակակրանքով արտահայտություններն են հնչել իր պաշտպանյալի հասցեին,եւ նրա դիրքորոշումը որոշակիորեն ոստիկանների համար նաեւ գործով ուղղորդիչ դեր է խաղացել:

Բոլոր միջնորդությունները մերժելուց հետո դատավորի, դատախազի ու ՀԱԿ ակտիվիստների միջեւ վիճաբանություն սկսվեց:

Ակտիվիստները սկսեցին ծափահարել ու դուրս գալ դահլիճից: Վիճաբանությունը շարունակվեց դատարանից դուրս:

Դատավորը, չկարողանալով կարգապահություն հաստատել դահլիճում՝ վճռի հրապարակումը հետաձգեց վաղը:

Դրսում նաեւ սկսվեց բողոքի ակցիա:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930