Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին «Ռեգնում» լրատվական գործակալության հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանում սպասվող ընտրություններին, ասել է. «Հաշվի առնելով, որ ամեն ընտրություն նախորդից լավն է եղել, մենք ունենք բոլոր նախադրյալները ենթադրելու, որ նախագահական ընտրություններն ավելի լավը կլինեն, քան խորհրդարանականը, որը Հայաստանի պատմության մեջ լավագույնը համարվեց»:
Նա ասել է, որ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիսանում է այնպիսի հզոր, նշանակալի գործիչ, որ դժվար է ասել` արդյոք նրա հետ մրցակցելու հնարավորություն կունենա՞ որևէ քաղաքական գործիչ:
Ռաչինսկին, խոսելով ԵՄ և Եվրասիական միության ինտեգրման մասին, ասել է. «Դուք ինքներդ ասեք` կուզեք իմ երկրի հետ գործ ունենա՞լ, թե՞ ինչ-որ միջինասիական երկրի: Մի կողմից` Եվրամիությանը ինտեգրվելը ես հասկանում եմ: Եվ եթե ես ճիշտ եմ հասկանում նախագահի և վարչապետի խոսքերը, ապա դա է երկրի արտաքին քաղաքականության բռնած ուղին: Իսկ ի՞նչ ունենք մյուս կողմում. Եվրասիական միություն: Կա՞ այդպիսի կազմակերպություն: Այդ ի՞նչ բան է Եվրասիական միությունը: Երբ լինի այդպիսի կազմակերպություն, այդ ժամանակ էլ կխոսենք, թե ինչերի միջև է պետք ընտրություն կատարել: Նայեք` դուք ունեք տուն, ընտանիք, հարևաններ, ամուսին, սիրեկան կամ ընկեր ու դուք բոլորին գիտեք: Ու կա ապագայում ինչ-որ բան: Ընտրել ինչերի՞ միջև: Ընտրությունը պետք է իրական լինի: Եվրասիական միություն գոյություն էլ չունի»:
Իսկ հարցին, թե Հայաստանն արդյոք չունի՞ ընտրության հնարավորություն, դեսպանը պատասխանել է. «Ոչ, ընտրություն միշտ կա, ընտրեք:Ոչ ոք չի կարող որոշել հայ ժողովրդի փոխարեն, դուք եք ընտրում: Այ, դուք գնացեք Եվրոպա, ու որոշեք ինչերի միջև եք ընտրությունը կատարում»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ