Նոյեմբերի 10-ին Երեւանի կամերային տանը կայացել է «Չիլինգարյան (Մամիկոնյան) տոհմ» պատմաազգագրական –հասարակական կազմակերպության 2-րդ համաժողովը: Այս կազմակերպությունը ստեղծվել է 2010թ. հունիսին, նույն թվականի նոյեմբերին կայացել է կազմակերպության առաջին համաժողովը: Ստեղծվել է տոհմի ինտերնետային կայք եւ Չիլինգարյանների 400 տարվա տոհմածառը: Կազմակերպության երկրորդ համաժողովի օրակարգում առաջին համաժողովից հետո կատարված աշխատանքների հաշվետվությունն էր, տոհմի օրի սահմանում եւ տոհմի պատվավոր անդամի եւ տոհմի բարեկամի կոչումների շնորհում եւ ընդհանուր ժողովի անունից ուղերձի ընդունում:
Կազմակերպության հաշվետվությունը ներկայացրել է դրա նախագահ, ՀՀ ՊՆ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը: Կազմակերպության ինտերնետային կայքում սահմանված են դրա նպատակները` ուսումնասիրել տոհմի պատմությունը, համախմբել ամբողջ աշխարհի Չիլինգարյաններին, տոհմակիցների միջեւ մշտական կապի հաստատման նպատակով իրականացնել տարբեր ծրագրեր:
Երկրորդ համաժողովի մասնակիցներից մեկը, չցանկանալով, որ իր անունը հրապարակվի, «Առավոտի» թղթակցին ասաց, որ նպատակ կա 3500 անդամ ունեցող հ/կ-ի հենքի վրա հետագայում ստեղծել քաղաքական կուսակցություն, սակայն այդ մասին պաշտոնապես չի խոսվում:
Կարդացեք նաև
Նշենք, որ կազմակերպության ղեկավար Մելս Չիլինգարյանը ծագումով Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Վանք գյուղից է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ