Լրահոս
Օրվա լրահոսը

Շենգեն վիզա ստանալը կհեշտացնեն, 60 եվրոյի փոխարեն էլ որոշ խմբեր կվճարեն 35 եվրո

Նոյեմբեր 12,2012 15:44

Շենգենյան երկրների մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագիրը չի կարգավորում կենսաչափական անձնագրերին առնչվող խնդիրները: Այսօր «Էրեբունի պլազա» հյուրանոցում «ԵՄ արտոնագրի դյուրացումը Հայաստանի համար» թեմայով սեմինարի ժամանակ տեղեկացրին Հայաստանում Եվրամիության ներկայացուցիչները:

Հարցին, թե կենսաչափական անձնագրերը շրջանառության մեջ դնելիս, հայաստանյան իշխանությունները հայտարարել էին, որ բիոմետրիկ անձնագրերն ավելի են հեշտացնելու քաղաքացիների գործը, արտգործնախարարության ԵՄ բաժնի պետ Մհեր Մարգարյանը պատասխանեց, որ կենսաչափական անձնագրեր ունեցողներն ավելի պարզեցված ընթացակարգերով կստանան վիզան, սակայն այս պահին դեռեւս նման առաջարկություն չկա եւ համաձայնագիրը դա չի նախատեսում:
Հոկտեմբերին Բրյուսելում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրված համաձայնագիրն, ըստ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեայի,

կդյուրացնի վիզայի տրամադրման ընթացակարգերը կոնկրետ երկրների քաղաքացիների համար՝ առանց փոփոխելու մուտքի արտոնագրի տրամադրման պայմանները: Կպարզեցվի մուտքի արտոնագրի համար դիմելու կապակցությամբ հիմնավորող փաստաթղթերի ներկայացման գործընթացը, կոնկրետ խմբերի համար կնվազի մուտքի արտոնագրի համար վճարվող գումարը՝ մինչեւ 35 եվրո, կկրճատվի մուտքի արտոնագրերի դիմումների ուսումնասիրության համար պահանջվող ժամանակը, ինչպես նաեւ կդիտարկվի երկարատեւ վավերականություն ունեցող արտոնագրերի տրամադրման հավանականությունը: Այդ արտոնություններ ունեցող խմբերը լրագրողներն են, ուսանողները, մշակույթի, արվեստի եւ սպորտի ոլորտում փորձի փոխանակման շրջանակներում ճանապարհորդող, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ առողջական նպատակներով ճանապարհորդող անձինք:
Հարցին, թե վիզաների ընթացակարգերի դյուրացումից ի՞նչ կշահի մեր երկիրը սոցիալ-տնտեսական առումով, պարոն Տրայան վկայակոչեց Վրաստանի օրինակը` վստահեցնելով, որ վիզաների դյուրացումից գործարար, մշակութային եւ այլ ոլորտներում առաջընթաց կլինի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930