Նվազագույն աշխատավարձի մասին օրինագծի երկրորդ ընթերցման ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասաց, որ մարդիկ իրեն բողոքում են, թե պատգամավորները որակյալ բաճկոն են ուզում, բաճկոնի հարց են բարձրացնում, իսկ իրենք սոված են. «Գումարները կան, չեն օգտագործվում նպատակային, օգտագործվում է մի խումբ մարդկանց կողմից՝ կամայականորեն: Պավել Սաֆարյանը ինձ հարցնում է՝ որտեղի՞ց կրճատենք այդ գումարը եւ տրամադրենք գիտությանը: Գումարները կան, պետք է կրճատել մարզպետարանի աշխատակիցներին: Միգուցե մարզպետարանի աշխատակիցները այս պահին կարող են զայրանալ, բայց նրանց մի մասն ուղղակի գրանցված է եւ ստանում է աշխատավարձ: Նախագահի աշխատակազմի գումարները պետք է կրճատվեն 50 տոկոսով եւ ուղղվի այն կարիքներին, որտեղ անհրաժեշտությունը կա»:
ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց, որ կառավարությունը ոչ մի գործ չի անում. «Սա է ձեր կառավարման արդյունքը: Հնարավոր է՝ 2017-ին հասնեք 2007-ի մակարդակին: Կառավարությունը, առանց խորանալու խնդրի մեջ, մերժեց մեր առաջարկը 72500 դրամ դարձնելու նվազագույն աշխատավարձը՝ առանց բացատրության: Մեզ գալիս է նամակ-պատասխան. Այդ տարբերակով եթե անենք, կպահանջվի 360 մլրդ դրամ: Կառավարությունն ասում է՝ միջին աշխատավարձը 120 հազար դրամ է: Չի կարող նման բան լինել: Հայտնի հեքիաթի բանն է, այն, որ թագավորն ասում է՝ այնպիսի բան ասեք, որ ասեմ սուտ է, թագավորությանս կեսը կտամ: Հիմա նույն բանն է՝ եթե ես սխալ եմ նվազագույն աշխատավարձը 72500 դրամ առաջարկելով, ուրեմն միջին աշխատավարձի թիվը ձեր ասած 120 հազար դրամ՝ սխալ է: Դուք զեկուցում եք, որ 120 հազար դրամ միջին աշխատավարձ եք տալիս: Դուք այսպես դատապարտում եք մարդկանց աղքատության»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ