Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունն իր խոսքի տերը չեղավ

Նոյեմբեր 12,2012 15:19

Կառավարությունը մի կողմից «Հայկական պանիր» արտահանման ծրագրով ոգեւորում է պանրագործներին, մյուս կողմից էլ` «նեղը գցում»:

Պանիր արտադրողների միության նախագահ Արմեն Գիգոյանն այսօր «Տեսակետ» ակումբում կարծիք հայտնեց, որ կառավարությունն անարդար է մոտեցել պանրագործներին, այն առումով, որ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն օրերս 18 ընկերությունների արտադրած պանրում աղիքային ցուպիկի մանրէներ է հայտնաբերել, եւ ինչպես պարոն Գիգոյանն ասաց` դրոշակն առած՝ գոռալով ու մամուլով հայտարարել է. «Արդար չէ, որ այսքան ժամանակ կար, ու անպայման պետք է մամուլո՞վ այդ հարցերը բարձրացնել: Անընդհատ այս հարցերը քննարկվել են, պարզապես գործ չի արվել այդ ուղղությամբ, անտերության ու անուշադրության էր մատնվում, բայց մինչեւ այդ ասվում էր, որ այդ խնդիրը կա»:

Իսկ խնդիրն, ըստ պարոն Գիգոյանի, ոչ միայն հենց պանրի արտադրության ոլորտում է, այլեւ` կաթի:

Պանրագործների շահերը պաշտպանողը նաեւ հիշեց կառավարության`«Հայկական պանիր» արտահանման ծրագիրը եւ կառավարության խոստումները, որոնք այդպես էլ չիրականացրեց. «Մենք պատրաստվում ենք լինել պանիր արտահանող երկիր, աշխատանք պետք է տարվեր, ոգեւորեցին մեզ, բոլորին` պանրագործներին, վարչապետն ինքը գործը վերցրեց իր ձեռքը, ասաց` բացեք կազմակերպություն, որը մասնագիտացված լինի պանրի արտահանմամբ: Մենք ընդառաջ եկանք, դա օղակ էր, մեթոդ էր, որպեսզի ներքին շուկայում եւ արտադրամասերում կարգավորվեր ամեն ինչ, որովհետեւ դրսում չկա այս կողմ, այն կողմ, չկա կասկածելի ստուգումներ, հստակ է` սեւ ու սպիտակ: Ստիպված դու պետք է ամեն ինչ համապատասխանեցնեիր, այ դա կաշխատեր, դրանով մենք քայլ առաջ կանեինք: Ինչ եղա՞վ, մենք պանրագործներով հավաքվեցինք, կառավարությանը ցույց տվեցինք, որ դա կարող ենք անել. 2 խմբաքանակ արտահանեցինք հայկական պանիր անվան տակ: Հետո` ոչինչ, հերթը հասավ կառավարությանը, որ պետք է աշխատեր գումար տրամադրեր, չկա խոստացված գումարը: Կառավարությունը մեզ հորդորեց եւ հետ կանգնեց»:

Այսօր, ըստ Արմեն Գիգոյանի, այդ ծրագիրը կասեցված է, իսկ անհատ արտադրողի համար ինքնուրույն արտահանելը, բացի այն, որ լուրջ ֆինանսական միջոցներ են պետք, նաեւ դրսի շուկայում գործընկեր գտնելը, գովազդելը, մարկետինգ իրականացնելն եւ իրացնելը, շատ բարդ խնդիր է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930