ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (նստավայրը՝ Եղվարդ)՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, այսօրվա դատավճռով Կոտայքի նախկին փոխմարզպետ Լևոն Միքայելյանին դատապարտեց 2 տարվա ազատազրկման:
Մեղադրող կողմը միջնորդել էր ամբաստանյալին դատապարտել ազատազրկման 3 տարի 3 ամիս ժամկետով, իսկ պաշտպանական կողմը միջնորդել է պատիժ նշանակել տուգանքի կամ նվազագույն՝ 3 ամիս ժամկետով ազատազրկման տեսքով՝ արդեն իսկ կրած պատիժն, ըստ պաշտպանական կողմի, լիուլի բավարար է:
Ըստ մեղադրանքի, Լևոն Միքայելյանն, աշխատելով ՀՀ Կոտայքի մարզպետարանում որպես մարզպետի տեղակալ, հանդիսանալով մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի, ինչպես նաև առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների գործունեությունը համակարգող, այսինքն՝ մշտապես կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, մարզպետարանի ենթակայության տակ գտնվող ՀՀ Կոտայքի մարզի դպրոցների երեք և առողջապահական կազմակերպությունների երկու տնօրենների օգտին գործողություն կատարելուն նպաստելու, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության գծով հովանավորչության և թողտվության համար 2005թ. նոյեմբերից մինչև 2012թ. հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածում ութը դրվագով նրանցից անձամբ ստացել է տարբեր չափերով կաշառք:
«Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում ամբաստանյալի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը դատարանի նշանակած պատժաչափն ակնհայտ խիստ է գնահատում՝ հաշվի առնելով, որ չկա ամբաստանյալի արարքը ծանրացնող հանգամանք, իսկ մեղմացուցիչ հանգամանքները բազմաթիվ են՝ ամբաստանյալը զղջացել է, օգնել նախաքննական մարմնին հանցագործության բացահայտման հարցում, լիովին ընդունել է մեղադրանքը և նրա միջնորդությամբ գործի քննությունն ընթացել է արագացված դատաքննության կարգով: