Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանն այսօր հետաձգեց ավազակային հարձակումների համար մեղադրվող Արտուշ Հակոբյանի, Քյարամ Ամոյանի, Արման Դալլաքյանի, Արթուր Մանուկյանի, Սամվել Դավթյանի եւ Դավիթ Գալստյանի դեմ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը: Պատճառն ամբաստանյալ Դավիթ Գալստյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ստեփան Ոսկանյանի բացակայությունն էր: Չնայած ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի պաշտպան, փաստաբանների պալատի անդամ Հովիկ Արսենյանն ասաց, թե նա կես ժամ ուշացումով կներկայանա նիստին, քանի որ վերաքննիչ դատարանում մեկ այլ նիստի է մասնակցում, նախագահողը որոշեց հետաձգել:
Նիստը նշանակվեց նոյեմբերի 19-ին: Հիշեցնենք, որ ամբաստանյալները մեղադրվում են նախկին ԱԺ պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի, նախկին համայնքապետ Աղվան Գրիգորյանի, «Լինսի» հիմնադրամի ԾԻԳ տնօրենի, եւ այլոց բնակարաններ մտնելու, չհրկիզվող պահարաններն իրենց պարունակությամբ տուժողների ավտոմեքենաներով հափշտակելու համար:
Ամբաստանյալների հարազատները, տեսնելով, որ նիստը հետաձգվեց նախահարձակ եղան՝ լրագրողներին մեղադրելով ոչ ճշգրիտ ինֆորմացիա տալու համար:
-Գրեք, այս մասին գրեք,- հորդորում էին նրանք, մոռանալով, որ դատական նիստը հետաձգվել է դատավարական կողմերից մեկի պատճառով:
Լուսանկարը եւ տեսանյութը՝ «Հենարանից»: