Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայանը հորդորել է հարեւան երկրներին պատժել վանդալիզմի հեղինակներին

Նոյեմբեր 12,2012 14:44

ԱԺ-ի պատվիրակությունը, ի դեմս ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանի եւ ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի, նոյեմբերի 8-9-ը Սանկտ Պետերբուրգում մասնակցել էր ԱՊՀ միջխորհրդարանական կոնֆերանսին՝ «Միջմշակութային կապերը քաղաքացիական հասարակության ձեւավորման գործում» թեմայով: Այդ մասին այսօր հրավիրած ասուլիսում Մարգարիտ Եսայանը պատմեց, որ կոնֆերանսի ժամանակ ելույթ է ունեցել, եւ մեր պատվիրակության անդամներին շատ ջերմ են ընդունել. «Իմ ելույթի հիմնական մեխն այն էր, որ եթե այսօր խոսվում է հանդուրժողականությունից եւ միջմշակութային կապերի կարեւորությունից, ուրեմն շատ ավելի ազնիվ կլինի, եթե կոնկրետ ձեւաչափ մտածենք եւ սահմանենք, թե ինչպես պատժենք բոլոր այն վայրագությունները, որ իրականացվում են մեր հարեւանների կողմից: Որպես օրինակ՝ ներկայացրեցի ե՛ւ Նախիջեւանի պատմշակութային արժեքների ոչնչացումը, եւ մեր հայկական խաչքարերի, եկեղեցիների ու գերեզմանների պղծումն ու ավիրումը, որ կատարում են այսօր՝ 21-րդ դարում: Եզրակացությունն այն էր, որ սիրուն խոսքեր ասելով՝ գործը տեղից առաջ չի գնա, եթե կոնկրետ գործողություններով չի դատապարտվում վանդալիզմը եւ չեն բռնում հանցագործների ձեռքը»:

Վահե Էնֆիաջյանն էլ պատմեց, որ կոնֆերանսի վերջում 10 կետանոց բանաձեւ է ընդունվել, որը միտված է ԱՊՀ երկրների միջեւ հանդուրժողականության, միջմշակութային կապերի հաստատմանը:

Մեր խորհրդարանի պատվիրակության անդամները նաեւ նկատել են, թե ինչպես են ռուս բարեկամները, բավականին նուրբ դիվանագետ լինելով, խոսել եվրասիական համագործակցության մասին. «Օրինակ բերվեց, որ ԵՄ-ն նույնպես ստեղծվել է մշակութային կապերից: Ուզում էին մեզ սիրաշահել, որ սա լավ հիմք է: Սրա հետ կապված մենք որեւէ պատասխան չտվեցինք,  որովհետեւ շատ ջուր դեռ կվերցնի այս հարցը, եւ մեր որոշելիքը չէ»:

Լրագրողների հարցին՝ ադրբեջանցիներին հրավեր չէ՞ր եղել, թե՞ չէին ուզեցել մասնակցել՝ Մարգարիտ Եսայանը պատասխանեց. «Իմ տեղեկություններով՝ հրավեր եղել էր: Ափսոս, որ ադրբեջանցիները չէին եկել, որովհետեւ մենք պատրաստ էինք իրենց հակադարձել»: Վահե Էնֆիաջյանը նշեց, որ ՀՀԿ պատգամավորի ելույթն այնպիսի տպավորություն է թողել, որ որեւէ մեկը չի հակադարձել: Հրեական հոգեւոր առաջնորդի արձագանքն է հետաքրքիր եղել, որը հանդիպումից հետո սեղմել է Մարգարիտ Եսայանի ձեռքը եւ ցանկություն հայտնել ծանոթանալու՝ ունենալով խիստ դրական տրամադրվածություն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930