Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին` ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների համատեքստում, ասաց, որ նոր զարգացումներ կարող են լինել տարածաշրջանում ոչ թե կապված՝ ԱՄՆ-ի քաղաքականության հետ, այլ՝ աշխարհաքաղաքականության իրողությունների, որոնց կարձագանքի ԱՄՆ քաղաքականությունը. «Իմ գնահատմամբ ամերիկացիները, եւ ընդհանուր առմամբ, արեւմուտքը կորցրել է ազդեցությունը զարգացումների վրա, նրանց քաղաքականությունը սկսում է հիմա ավելի արձագանքել այն փոփոխություններին, որոնք տեղի են ունենում մասնավորապես Սիրիայում, ընդդիմադիրների շրջանում, որտեղ գնալով ուժեղանում է ծայրահեղ իսլամական կազմակերպությունների դերը եւ դա դուր չի գալիս ԱՄՆ-ին: Տարածաշրջանային զարգացումները պայմանավորված կլինեն Սիրիայի եւ Իրանի իրադարձություններով»:
Իսկ, թե ինչպես կանդրադառնան մեզ վրա ԱՄՆ ընտրությունները, Սաֆրաստյանը պատասխանեց. «Լուրջ հարց է: Շատ բան պայմանավորված է այն հանգամանքով, որ օրինակ Հիլարի Քլինթոնը երկու անգամ այց կատարեց տարածաշրջան, իսկ դա վկայում է այն մասին, որ տարածաշրջանին լուրջ նշանակություն է տրվում: Իսկ հիմա ես կասկածում եմ, որ մոտակա շրջանում, ԱՄՆ-ի պետքարտուղարը այդքան ակտիվություն կցուցաբերի մեր տարածաշրջանին, որովհետեւ այժմ հետաքրքրությունը շեղվել է:
Ամերիկացիների քաղաքականությունը պայմանավորված կլինի երկու խնդիրներով՝ Սիրիա եւ Իրան: Որեւիցե գաղափարական մոտեցում՝ Օբամայի մոտ մեր տարածաշրջանում գոյություն չունի, պետք չէ շրջադարձային փոփոխություններ ակնկալել, կլինեն միայն սիտուացիոն որոշումներ»:
Կարդացեք նաև
Մեզ հետ զրույցում Սաֆրաստյանը նաեւ հավելեց, որ ինքը համաձայն չէ տեսաբանների, վերլուծաբանների կարծիքների հետ, որոնք ասում են, թե Օբամայի ժամանակ ոչ մի փոփոխություն տեղի չի ունենա: Ըստ նրա՝ «Փոփոխություններ կարող են տեղի ունենալ, բայց դրանք պայմանավորված կլինեն ընդհանուր մերձավոր արեւելքում ստեղծված իրադրությամբ»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ