Լրահոս
Օրվա լրահոսը

Պանրում աղիքային ցուպիկ հայտնաբերելն է՞լ է նախընտրական «շոու»

Նոյեմբեր 12,2012 14:29

Պանիր արտադրողների միության նախագահ Արմեն Գիգոյանը կասկածի տակ է առնում սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կատարած ուսումնասիրությունը, ըստ որի, օրերս 18 ընկերությունների արտադրած «Չանախ» պանրում աղիքային ցուպիկ է հայտնաբերվել: Այսօր «Տեսակետ» ակումբում պարոն Գիգոյանն ասաց. «Ելնելով իմ դիրքերից, ես կասկածում եմ տեսչության ստուգումներին, ենթատեքստ եմ տեսնում հիմնականում ընտրությունների հետ կապված` կառավարությունը ցույց է տալիս, որ աշխատում է, եւ միայն պանիրը չէ, որքան գիտեմ միս վերամշակողների մոտ էլ արշավ է սկսվել: Ու հարց է առաջանում` ինչո՞ւ մինչ այդ չէիք անում, կամ եթե արել էիք, ինչո՞ւ չէիք լուրջ հետեւություններ արել ու դեմն առել»: Պարոն Գիգոյանի դիտարկմամբ, տեսչության կողմից «պատժված» լուրջ ընկերություններից են նաեւ «Իգիթ» եւ «Կալինինո կաթը», որոնք իրենց արտադրած պանիրն արտահանել են Ռուսաստան, , որտեղ սննդի անվտանգության տեսչությունը շատ խիստ է, երբեւէ այդ երկրում նման խնդիր չի եղել:

Aravot.am-ի այն հարցին, եթե չեն վստահում ծառայության լաբորատոր փորձաքննությանը, ապա չե՞ն պատրաստվում պանրագործներն իրենք այլընտրանքային փորձաքննության ենթարկել իրենց արտադրանքը, պարոն Գիգոյանը վստահեցրեց, որ պատրաստվում են, նույնիսկ արտադրողներից մեկն առաջարկել է կրկնակի ստուգում իրականացնել, սակայն տեսչությունից ասել են` ինչ իմանանք, ինչ պանիր եք բերելու. «Տեսչությունը պանիրը ստուգել է այն ժամանակահատվածում, երբ պանիրը դեռ չէր հասցրել աղը ուտել, իսկ Չանախի համար ժամանակ կա, որ աղն ուտի, եթե սահմանված ժամանակահատվածն անցներ, ու նոր ստուգում անեին, ցուպիկ չէին հայտնաբերի»:

Բացի այս, մասնագետի կարծիքով, ճիշտ կլինի պանրագործներն աշխատեն խոշոր ֆերմաների հետ, որոնք ասենք` 100 հատ կով ունեն եւ կթման աշխատանքները մեխանիզացված են. «Եւ եթե խնդիր էլ լինի` ապա կիմացվի կոնկրետ որտեղից կամ ումից է խնդիրը»: Պարոն Գիգոյանի ներկայացմամբ` աղիքային ցուպիկը հնարավոր է եւ ջրից լիներ, հնարավոր է կաթի պաստերիզացման ընթացքում եռացման աստիճանի խախտում է եղել, բայց եթե խոշոր ընկերություններում են հայտնաբերել խնդիրը, նշանակում է նրա վերահսկումից դուրս է այն, այսինքն` կաթի իրացման շուկայում է խնդիրը:

Ինչ վերաբերում է պանիր ուտել-չուտելուն, պարոն Գիգոյանը վստահեցրեց, որ վտանգավոր բան չկա եւ պանրից դեռ ոչ ոք չի թունավորվել:

Հիշեցնենք, որ տեսչությունը ոչնչացրել է 5.5 տոննա պանիր եւ 18 ընկերությունների գործունեությունը ժամանակավոր կասեցվել է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930