Վրաստանի հայկական համայնքը վեց տարի է, որ գոյություն ունի: «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Գևորգ Յագուտովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ չնայած այդ կարճ ժամանակին, վիրահայերի համար չկա մի ոլորտ, որում չկա խնդիր: Նա առաջին հերթին առանձնացնում է լեզվի պահպանումը: Իր խոսքով, վրացական բուհ-երում անհնար է հայոց լեզու սովորել, դրա համար էլ վիրահայերը գալիս են Հայաստան: Յագուտովը նշեց, որ ովքեր ավարտում են հայկական դպրոցը, ունեն Վրաստանում զրո կուրս ընդունվելու իրավունք: Նրանք մեկ տարի սովորում են վրացերեն, որից հետո հնարավորություն է տրվում ընդունվել վրացական որեւէ համալսարան: Բանախոսի կարծիքով, այդ մեկ տարում բավարար լեզվական կրթություն չեն տալիս, որպեսզի կարողանան հավասարվել վրացիներին եւ ստանալ իրենց անհրաժեշտ մասնագիտական կրթությունը: Յագուտովը խնդիր է տեսնում նաեւ մշակույթի պահպանման ոլորտում: Լուծումը տեսնում է հայկական հասարակական կազմակերպությունների համագործակցության մեջ: «Պետք է ասենք, որ Վրաստանը դեմոկրատական երկիր է, սակայն ավելի լավ պատկերացնելու համար պետք է գոնե մի քիչ ապրել այնտեղ»,- ասում է «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության ներկայացուցիչը: Վերջինիս խոսքով, եթե կա պետական աջակցություն, ուրեմն այնքանով չի բավարարեցնում, որ կարողանան լուծել իրենց առջեւ ծառացած խնդիրները: «Միջմշակութային երկխոսության, ժողովրդավարության և խաղաղության երիտասարդական ակումբ» երիտասարդական ակումբի նախագահ Տիգրան Օհանյանը հակադարձեց իր գործընկերոջը եւ ասաց, որ մեզ մոտ սովորություն է` ամեն ինչ գցում ենք պետության վրա, սակայն այս հարցում կա պետական լուրջ աջակցություն: «Ջավախքը գտնվում է վրացական տարածքում, հետեւաբար այն չի կարող դիտվել որպես հայկական, ու պետականորեն ինչ որ քայլեր արվեն»,- ասաց Օհանյանը: «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ երիտասարդական թևի համանախագահ Լիանա Ներսիսյանի համոզմամբ` հայապահանությունը երկրի զարգացման հիմնասյունն է: Իրենք կատարել են ուսումնասիրություններ եւ եկել այն եզրահանգմանը, որ Վրաստանի եւ Ջավախքի հայերի շրջանում երիտասարդական կապի շատ լուրջ բաց ունեն:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ