«Միր 24»-ը շուրջօրյա հեռուստաընկերություն է լինելու: Հայաստանի մասին օտար ազգը ինչ ձեւով կարող է ներկայանալ, եթե ոչ «Միր»-ի միջոցով, այն միակն է հայկական կապիտալով, որը եթեր է հեռարձակվում օտար լեզվով: Հայոց մշակույթի մասին հայտնելու ամենալավ հարթակը «Միր»-ն է եւ նմանը գոյություն չունի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մերուժան Սարգսյանը:
Նրա պնդմամբ ալիքի ձեռքբերումների մասին գիտեն հեռուստադիտողները: Այն ստեղծվել է Խորհրդային միության փլուզումից հետո եւ բոլոր երկրների քաղաքական ղեկավարները համաձայնվել են պահել «Միր»-ը.
« Հունվարի 1 -ին եթեր կհեռարձակվի հեռուստաալիքը: Եթերաժամանակի առումով այն ֆորմատը, որ ունենք, չի բավականացնում, հետեւաբար կարիք եղավ նոր հեռուստաալիքի ստեղծման: Ցանկացանք ունենալ առանձին ինֆորմացիոն ալիք, որը սկզբում արբանյակային հեռարձակմամբ կլինի, այնուհետեւ կներկայացվի համապատասխան լրատվական հաղորդումներ»:
Մերուժան Սարգսյանը ցանկանում է, որպեսզի հեռուստաալիքը հարազատ ու հասանելի լինի տարիքային բոլոր խմբերին.
«Միր»-ը դիտում է 72 միլիոն մարդ, աշխարհի տարբեր երկրներում: Նոր հեռուստաալիքով ուզում ենք ճանաչողական նոր նախագծեր ներկայացնել, որպեսզի արտասահմանում պատկերացում կազմվի հայերի հարուստ մշակույթի վերաբերյալ»:
«Միր» միջպետական հեռուստաընկերությունը ստեղծվել է 1992թ.-ին: Ընկերության հիմնադիրներն են ԱՊՀ անդամ 9 պետություններ եւ Վրաստանը: «Միր 24» նախագիծն արդեն հավանության է արժանացել ԱՊՀ պետությունների կառավարման ղեկավարների կողմից՝ սեպտեմբերի 28-ին Յալթայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ