Լրահոս
Օրվա լրահոսը

Ս. Սաֆարյանը զգուշացնում է ընտրախախտներին. «Առաջիկա օրերին կանենք մի քայլ, որը իրենց փաստի առաջ կկանգնեցնի»

Նոյեմբեր 12,2012 13:26

Ավանի թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Ստեփան Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել (https://www.facebook.com/styopa.safaryan?fref=ts), որտեղ մերկացնում է նշված ընտրատարածքում նախընտրական ժամանակաշրջանում, գրանցված խախտումներն ու այլ արատավոր երևույթները: Մասնավորապես պատգամավորության թեկնածուն նշում է, որ իր հավաստի աղբյուրներից մեկը հայտնել է, որ դեռեւս մայիսի 6-ի ընտրություններին սուպերմարկետների տերերը պարտադրել ու «ապահովել են», որ իրենց բոլոր աշխատակիցները գրանցված լինեն որոշակի ընտրատարածքի հասցեներում: Կան, որ Երևանի քաղաքային ու թաղային իշխանություններից հանձնարարություն է իջեցվել Նոր Նորքի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ զանգվածների համատիրություններին` ռեսուրսներ փնտրել Ավան եւ Նոր Նորքի 1-ին, 2-րդ զանգվածներում՝ ՀՀԿ թեկնածուի օգտին դժվարին քվեներ հայթայթելու համար: Ըստ Ս. Սաֆարյանի աղբյուրների՝ Ավանի նշված ընտրատարածքում արդեն սկսել են ընտրակաշառքի խոստումները: Երկու` իրար հետ կապ չունեցող աղբյուրներ (մեկը Ավանում, մյուսը` Նոր Նորքում) հայտնել են, որ 10.000-ական դրամ ընտրակաշառքների բաժանման պահը մոտենում է: «Ակնկալողներից» մեկն ասել է, որ իրենք հայտնել են, թե մոտակա օրերին կտրամադրվի խոստացված գումարը: Ըստ Ս. Սաֆարյանի տեղեկությունների՝ մանկապարտեզների զգալի մասում հանդիպումներ ու հանձնարարություններ եղել են հօգուտ ՀՀԿ թեկնածուի:

Իսկ ի՞նչ քայլեր է ձեռնարկելու պարոն Սաֆարյանը՝ աչքի առաջ ունենալով նշված խախտումներն ու փաստերը, Aravot.am-ը փորձեց պարզել նրա հետ զրույցում: Նա նշեց. «Կարծում եմ, որ քաղաքապետը, ԿԳ նախարարը լավ հասկանում են, որ պիտի կանխեն նման դեպքերը: Իմ ամբողջ նպատակն է, որ իրենք վերջ տան այդ ամեն ինչին: Իսկ ինչ վերաբերում է ընտրակաշառքի հետ կապված հարցերին, ապա  գիտեք, որ որքան էլ տեղեկությունները ստույգ են լինում, խնդիր կա ոստիկանություն դիմելու առումով: Չափազանց հստակ բան է, այնպիսի մարդկանցից եմ իմանում, որոնց առաջարկել են, նույնիսկ ցուցակագրում են, բայց մարդիկ իրենք պիտի ցանկություն ունենան բողոքելու: Ես նրանց փոխարեն չեմ կարող դա անել»:

Խոսելով նշված վերաբերմունքի պատճառների մասին, մեր զրուցակիցը շեշտեց. «Հայաստանի իրավապահ մարմիններին, կներեք,  այնքան չենք վստահում, որ ճիշտն ասած, եթե անգամ ուզեն բողոքել, վախենամ չբողոքեն»: Մեր այն հարցին՝ իսկ ի՞նքն ինչպես է պայքարելու, արդյո՞ք դիմելու է ոստիկանություն: Ս. Սաֆարյանը պատասխանեց. «Այո, գնալու եմ փաստերի ետևից: Թող անակնկալ լինի, բայց առաջիկա օրերին կանենք մի քայլ, որը իրենց փաստի առաջ կկանգնեցնի»: Պարոն Սաֆարյանից հետաքրքրվեցինք՝ ընտրատարածքում հոգեբանական իրավիճակը նորմալ է, կա՞ արդյոք վախի մթնոլորտ: Ս. Սաֆարյանը պատասխանեց. «Իհարկե, կա, մարդիկ լավ իմանալով, թե ովքեր են իրենց կողքին ապրում, ուղղակի չեն կարողանում պարզ հայտարարել իրենց համակրանքների մասին: Ինչո՞ւ չպիտի կարողանա մարդը պարզ ասել իր համակրանքների մասին: Բնակիչները նախընտրում են բնակարանային հանդիպումներ, որ ոչ մեկը չտեսնի թեկնածուին: Կներեք, չեմ կարող այս ընտրությունները լավ գնահատել՝ հասկանալով որ ՀՀ բոլոր ընտրություններն են այսպիսին: Կամ պայքարել է  պետք, կամ ուղղակի չմասնակցել: Բայց դա նշանակում է, որ պետք է ոչնչի չմասնակցել, քանի որ ամեն ինչն է այս ձևով: Դրա համար էլ որքան էլ դժգոհ եմ ,և արատավոր եմ համարում մթնոլորտն  ընտրությունների ընթացքում, պայքարը շարունակելու եմ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930