Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբեց Ս. Հրեշտակապետաց տոնը, որը հայտարարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Մանանա» քրիստոնեական-երիտասարդական ծրագրի մասնակից բոլոր երիատասարդների ուխտի օր: Այդ առիթով Մանանա ծրագրի կազմակերպչական խորհրդի նախաձեռնությամբ Զվարթնոց տաճարից երիտասարդական ուխտերթ կազմակերպվեց` դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի: Այստեղ «Մանանայի» մասնակիցները ներկա գտնվեցին տոնի առիթով մատուցվող Ս. Պատարագի արարողությանը: Օրվա պատարագիչն էր Տ. Եղիա աբեղա Խաչատրյանը:
Aravot.am-ի հետ զրույցում Նորքի սուրբ Սարգիս եկեղեցու «Մանանա» ծրագրի պատասխանատու Ժորա սարկավագ Սարգսյանն ասաց. «Մանանա ծրագրի տարբերանշանում պատկերված են հրեշտակներ, որոնք Աստծո պատգամաբերներն են: «Մանանայի» երիտասարդն իր առաքելությամբ որոշ իմաստով ընդհանրություն ունի հրեշտակների հետ` Աստծո խոսքը լսելու և այն մարդկանց փոխանցելու առումով: Ուստի պատահական չէ, որ Հրեշտակապետաց տոնը հայտարարվեց «Մանանա» ծրագրի երիտասարդի ուխտի օր: Սրբոց Հրեշտակապետաց տոնը հրաշալի առիթ հանդիսացավ «Մանանայի» երիտասարդների համար` ևս մեկ անգամ համախումբ ու միասնական ոգով ջերմացնելու հավատքի զգացումը յուրաքանչյուրի սրտում, որը, վստահ եմ, պիտի արտահայտվի նաեւ նրանց առօրյա կյանքում, քանզի այն սիրտը, որը լցվում է աստվածային ուրախությամբ և սիրով, անկարող է պարփակվել եսակենտրոն զգացումով: Այն վաղ թե ուշ դուրս է հորդելու առաքինի ու աստվածահաճո գործերով»:
Օրվա նշանաբանն էր` «Ձեր ամեն ինչը սիրով թող լինի». «Աստվածաշնչյան այդ նշանաբանը խոսեց ամեն մի երիտասարդի սրտի հետ` ստեղծելով առավել միասնական, սիրո և խաղաղության մթնոլորտ: Գաղտնիք չէ, որ մարդկային որևէ
խմբի մեջ մեկ ընդհանուր ոգի լինել չի կարող, եթե այն չի առաջնորդվում
աստվածային սիրո պատգամով: Այս ուխտը կոչված էր բոլորի հոգիներում այդ պատգամն առավել չափով լսելի դարձնելու և նորոգելու : Կարծում եմ, 100-ից ավել երիտասարդների այսօր հենց այդ սերը միասնական դարձրեց»,-հավելեց Ժորա Սարկավագը:
Մեզ հետ զրույցում Սուրբ Գայանե վանքի «Մանանա» ծրագրի անդամ, Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Էդգար Աղաբեկյանը նշեց, որ «Մանանա» ծրագրի շրջանակում կազմակերպվող քննարկումների եւ աստվածաշնչյան մեկնությունների շնորհիվ ստացել է իրեն եւ Աստծուն ճանաչելու հնարավորություն. «Ծրագրի շնորհիվ շատ ընկերներ եմ ձեռք բերել եւ նրանցից շատ բան սովորել: Այստեղ տեսնում եմ այն սերը, որը, կարելի է ասել, աշխարհում այլ տեղ չկա: «Մանանայի» քննարկումները զուտ ինքնանպատակ չեն եւ կոչված չեն միայն գիտելիքները հարստացնել: Դրանք օգնում են ճանաչել քո սխալները եւ թերությունները եւ դրանք ուղղելու ճանապարհներ գտնել»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ