Ինչպես հայտնի է, այսօր կեսօրին Աշոցքի շրջանի Ղազանչի գուղի մոտակայքում շրջվել էր Երևանից Ստամբուլ ուղևորվող ավտոբուսը, որի պատճառով 1967 թվականին ծնված գյումրեցի Արաքսյա Ղազարյանը տեղում մահացել էր, մնացածը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրու բժշկական կենտրոն և Աշոցք գյուղի «Տիրամայր Նարեկ» բժշկական կենտրոն:
Ինչպես Aravot.am-ին փոխանցեց Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը` վթարի վայրից նորաբաց հիվանդանոց տեղափոխվել էին 24 հոգի, որոնցից 6-ը հետազոտվելուց, բժշկական համապատասխան օգնություն ստանալուց հետո ուղևորվել են տուն: Ըստ հիվանդանոցի գործադիր տնօրենի, նրանց վիճակն այնպիսին է, որ կարող են հետագայում ամբուլատոր բուժօգնություն ստանալ: Այս պահին հիվանդանոցում պառկած են 17 հոգի, առավել ծանր է երկուսի վիճակը: Նրանցից մեկը Խաչատուր Մկրտչյանն է, ով ստացել է գանգուղեղային տրավմա, գլխի ու ականջի պատռվածքներ, մյուսը` Մարգարիտ Մարտիկյանը, ով գտնվում է շոգի մեջ , ստացել է երկու վերջույթների կոտրվածքներ: Մի քանիսի` Մարինե Իսկանդարյանի, Քրիստինե Խաչատրյանի, Վարուժան Ավագյանի, Նազելի Պետրոսյանի ու Հրաչ Մալխասյանի վիճակը, բժիշկների գնահատմամբ, միջին ծանրության է: Մնացածը ավելի թեթև վերքեր ու կոտրվածքներ են ստացել: Հիշեցնենք, որ այդ ավտոբուսով Թուրքիա առևտրի ուղևորվողների ասելով, ավտոբուսի շուռ գալու պատճառը եղել է վազանցը : Վրացական պետհամարանիշով ավտոբուսի վարորդը փորձել է առաջ անցնել Երեւան-Գյումրի-Ստամբուլ ուղղությունը սպասարկող թուրքական պետհամարանիշով նմանատիպ մեկ այլ ավտոբուսից , որի հետևանքով էլ շրջվել է դեպի դաշտը: Կատարվում է հետաքննություն:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարները` «Ասպարեզ» ակումբի: