Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան՝ սրճարաններ ու ռեստորաններ բաց երկնքի տակ». Լևոն Թոքմաջյան

Նոյեմբեր 10,2012 21:13


«15 տարի առաջ հաշմանդամների նկատմամբ մարդկանց վերաբերմունքն ու մտածելակերպն ուրիշ էր: Այսօր հաշմանդամը լիարժեք պաշտպանված չէ: Չունի աշխատանքի եւ այլ բնագավառների իրավունք»,-այսօր «Հաշմանդամ երիտասարդների խնդիրներն ու ներգրավվածությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքում» թեմայի շուրջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միություն» ՀԿ ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սարգսյանը:

Նրա պնդմամբ առաջնահերթը աշխատանքի խնդիրն է՝ երիտասարդ հաշմանդամների համար, առանց աշխատանքի մարդն իրեն լիարժեք չի կարող զգալ.

«Հաշմանդամներին անհրաժեշտ է ապահովել զբաղվածությամբ: Թող  լինեն մշակութային եւ սպորտային միջոցառումներ, այդ պակաս է, որ ստիպում է շատ երիտասարդների («բիսեդկաներում») նստել, ծխել եւ խաղաթուղթ խաղալ: Հաշմանդամը ակտիվ է, պատրաստ է սխրանքների, եթե ունեն անհավասար պայմաններ»:

Նոյեմբերի 10-ը երիտասարդության համաշխարհային օրն է: Քանդակագործ Լևոն Թոքմաջյանի խոսքով` այսօրվա երիտասարդությունը ուսանողությունն է, նրանք ակտիվ են. «Ինձ համար մեծ ոգեւորության աղբյուր է, երբ երիտասարդները պայքարում են ինչ-որ անարդարության դեմ, օրինականություն է պետք, հավասարություն բոլորի համար,չէ՞ որ ապագան նրանցն է: 60-ականների սերունդը մի նոր որակ բերեց հայ արվեստին, իսկ հիմա գնում ու հեռանում են, թող մեջտեղ գան երիտասարդները, որպեսզի շարունակեն այդ գաղափարական ուղին»:

Նա համոզված է, որ աշխարհի բոլոր անկյուններում, եթե դու չես պայքարում, դու պարտված ես, եթե պայքարում ես, կարող ես հաղթել.

«Հայ մարդու մտածողությունը հատկանիշները շատ բարձր են ինձ համար, սակայն այժմ դրանք կորել ու վերացել են: Կցանկանայի, որ հայրենասիրության պայքարը երիտասարդների հոգու մեջ լիներ, ոչ թե շուրթերի վրա: Նրանք աշխատանք փնտրելու համար երկրից հեռանում են: Աշխատանքը հոգեբանություն եւ մտքի թռիչք է, չաշխատողը հոգնում է ապրելուց, մեր կառավարությունը պետք է մտածի այդ մասին: Եվ փոխանակ մենք պահպանենք մեր հայրենասիրությունն ու մշակույթը քաղաքում ավելացնում են ռեստորաններ ու սրճարաններ: Այսքան հաճույքի վայրեր չի կարելի ստեղծել, ստացվում է Հայաստան՝ սրճարաններ ու ռեստորաններ բաց երկնքի տակ»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930