Այսօր Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ձեւավորման 16-ամյակին նվիրված «Տարվա լավագույն համայնք-2012» մրցանակաբաշխության ժամանակ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքը ճանաչվեց 2012թ-ի լավագույն քաղաքային համայնք:
Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը «Առավոտին» փոխանցեց, որ համայնքին տրված այսօրվա գնահատականը մեկ օրվա կամ մեկ տարվա արդյունք չէ: Ագարակ քաղաքի ներկայիս հաջողությունը դեռեւս նախորդ տարիներից սկիզբ դրված եւ համայնքի զարգացմանն ուղղված բոլոր այն նախաձեռնությունների ամբողջական արդյունքն է, որի պատկերը տեսանելի է այսօր: Ըստ պարոն Զաքարյանի` լավագույն համայնք ճանաչվելը միայն Ագարակի քաղաքապետարանի ձեռքբերումը չէր, այլեւ` մարզպետարանի հետ համագործակցության արդյունքը եւս, քանի որ լավագույն համայնք ընտրելիս հաշվի են առնվել, թե ինչպիսի արդյունավետությամբ է համայնքապետարանը կատարել իր գործառույթները եւ արձանագրված այդ բոլոր ցուցանիշների հետ միասին գնահատվել է նաեւ Ագարակում մարզպետարանի կատարած աշխատանքների արդյունավետությունը: Ագարակի քաղաքապետը դժվարացավ ասել, թե որն է այս տարվա ամենամեծ ձեռքբերումը եւ որ ոլորտում է այն գրանցվել, նշելով, որ Ագարակում բոլոր ոլորտները հավասարաչափ են զարգանում եւ արձանագրված հաջողություններ ունեն բոլոր ոլորտներում: «Այս տարի կառավարության հրատապ ծրագրով սկսվել են մաքսատնից Ագարակ ընկած կարճ ճանապարհի կառուցման աշխատանքները, որի համար հատկացվել է 50 մլն դրամ, սոցներդրումների հիմնադրամի միջոցներով` 109 մլն դրամով, սկսվել է քաղաքի արվեստի դպրոցի հիմնանորոգման եւ շենքի ամրացման աշխատանքները: Բացի այդ ընթացիկ տարում ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանի աջակցությամբ նորոգվել է Ագարակի մանկապարտեզը` 70 մլն դրամով, որը մեծ ծավալի գործ էր: Այժմ պետք է զբաղվենք մեկնարկած աշխատանքները ավարտին հասցնելու եւ կատարվելիք մյուս նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ», – նշեց Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ