Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ երիտասարդները չեն նշում իրենց տոնը

Նոյեմբեր 10,2012 19:36

Նոյեմբերի 10-ը նշվում է որպես Երիտասարդության համաշխարհային օր։ Տոնը սահմանվել է 1945 թվականին։ Նոյեմբերի 10-ը նշանավորվում է նրանով, որ 1945թ. հենց այդ օրը Լոնդոնում տեղի ունեցած երիտասարդների համաշխարհային համաժողովի ընթացքում հիմնադրվել է Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային դաշնությունը։ Այն նպատակ էր հռչակել, տարբեր երիտասարդական կազմակերպությունների համախմբելով` պայքարել հանուն խաղաղության, ժողովրդավարության, ազգային անկախության և երիտասարդների քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավունքների պահպանման։ Այս համաժողովը համախմբել էր միջազգային երիտասարդական շարժման 63 ազգությունների ներկայացուցիչների։

«Առավոտ երիտասարդական»-ը շրջեց երեւանյան փողոցներով եւ փորձեց երիտասարդներից իմանալ, թե ի՞նչ խնդիրներ ունեն իրենք եւ ինչպե՞ս են պատրաստվում անցկացնել իրենց տոնական օրը: Նշեմ, որ ի տարբերություն երեկվա, այսօր փողոցներում երիտասարդները զգալիորեն պակասել էին: Պատճառը, երեւի թե, տեղացող անձրեւն էր: Այդուհանդերձ, 18-ամյա Արմինեն նախ շնորհավորեց բոլոր իր հասակակիցներին, ապա ասաց, որ Երիտասարդների համաշխարհային օրը անցկացնելու է սովորականի նման: Իր համար այս օրը տոնական լինել չի կարող, քանի դեռ հայ երիտասարդները խնդիրներ ունեն: Դրանցից մեկն էլ, Արմինեի խոսքով, զբաղվածությանն է: Ասում է` ցանկություն ունի աշխատելու, սակայն աշխատանք չունի: Որտեղ դիմել է, հարցրել են` աշխատանքային փորձ ունե՞ս: Աղջիկը զարմանում է, քանի որ դեռ 18 տարեկան է, որտեղի՞ց ունենա.
«Եթե բոլորը նույն պատասխանը տան, պարզ է` աշխատանքային փորձ չեմ ունենա: Ինչ է, կյանքում չե՞մ աշխատելու»:
Արմինեն սվորում է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում, սակայն աշխատանք է փնտրում ոչ մասնագիտական ուղղությամբ:
Ավելացնեմ, որ Արմինեն միակ երիտասարդը չէր, ով դժգոհեց աշխատանքի ընդունվելու այդ պայմանից:
Մեկ այլ երիտասարդ էլ ցավում է, որ այսօր իր տարեկիցների մեծ մասը սրճարանների կողքով անցնում է ու ներս մտնելու հնարավորություն չունի: Ըստ նրա, պատճառը ոչ միայն սրճարանների թանկ գներն են, այլ նաեւ այն, որ երիտասարդների ձեռքին գումար չկա:
«Ուրիշ բան է, որ գումար ունենում ես, սակայն խնայում ես եւ սրճարան չես մտնում, մեկ այլ բան է, երբ գումար չունես: Այդ ժամանակ սրճարանի մասին չես էլ մտածում»,- ասաց նա:
Հրաչն էլ երիտասարդներին կոչ է անում՝ այսօր մոռանալ ամեն խնդրի մասին եւ ուրախանալ: Ինչպես ինքն ասաց, ամեն օր չէ, որ Երիտասարդների համաշխարհային օր է: Ինչպե՞ս կնշի տոնը, դեռ չի որոշել:
Ի դեպ՝ հարցմանը մասնակցած երիտասարդների մեծ մասը չէր պատրաստվում  տոնը նշելուն:

Արամ Արարատյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930