Դպրոցներում ուսուցիչներին օգնողների թիվը պակասել է, իսկ նրանց ներկայացվող մասնագիտական պահանջները խստացվել ու մեծացել են: Հասարակությունը դժգոհ է կրթության որակից, հատկապես՝ հանրակրթության:
Ուսուցիչն ասում է՝ աշխատավարձս ցածր է, պետությո՛ւն, ինձ լավ վճարիր:
Պետությունն ասում է՝ ցածր է, որովհետեւ մեկ դրույքի համար միջինը 2-3 ուսուցչի եմ վճարում, իսկ դուք համաձա՞յն եք կրճատվել եւ բարձրացնել ուսուցիչ/աշակերտ անարդյունավետ հարաբերակցությունը:
Ուսուցչին դա չի հետաքրքրում, որովհետեւ հազիվ է աշխատելու տեղ գտել, իրեն ձայնազուրկ է համարում, երբեմն նույնիսկ կաշառք է տվել աշխատելու համար եւ, իհարկե, չի հաշտվելու կրճատվելու մտքի հետ, չնայած կրճատումներ պե՛տք է լինեն այն պայմանով, որ դպրոցում մնան միայն որակյալ ուսուցիչները: Սակայն միշտ չէ, որ դրանք բխում են աշակերտի կրթության որակի շահերից, որովհետեւ, օրինակ, իմ նկատած դեպքերում հաստատ աշակերտին զրկել էին այն ուսուցիչներից, որոնց կարիքը աշակերտը մշտապես ավելի շատ ունի, քան այդ տեսակի տնօրենի (տե՛ս Երեւանի թ. 27 դպրոցի դեպքը): Այս ակնհայտ փաստը, ի տարբերություն ԿԳ նախարարության, չեն տեսնում քաղաքապետարանի եւ մարզպետարանների կրթության վարչությունները եւ տարբեր շահերից ելնելով, առանց վախենալու հովանավորում են նման տնօրեններին: Այս վտանգավոր երեւույթի պատճառն այն է, որ դպրոցների դռները փակ են հասարակության եւ հատկապես լրագրողների առաջ, ովքեր լինելով հասարակության ամենատեղեկացված անդամներ, լսում են տարբեր դպրոցներում կատարվող թե կաշառքի, թե անօրինական երեւույթների մասին, սակայն օբյեկտիվ լրատվություն տալու համար դպրոց մտնելու թույլտվություն չեն ստանում եւ չեն կարողանում երկկողմանի լուսաբանել այնտեղ կատարվող դեպքերն ու իրադարձությունները, որոնք հասարակությունից գաղտնի են պահվում: Օրինակ, վերջերս աշխատանքից ազատվելու դիմում է գրել Երեւանի թ. 17 դպրոցի տնօրենը՝ իհարկե ոչ իր կամքով, թելադրել են: Երեւանի քաղաքապետարանն այդպես էլ չի խոսում այդ մասին եւ չի պատճառաբանում փաստը: Մի այլ օրինակ, մոտ մեկ ամիս առաջ աշխատանքից ազատել են Արմավիրի մարզի Թաիրով գյուղի դպրոցի տնօրենին, ասում են կաշառքի պատճառով, սակայն Արմավիրի մարզպետարանը նույնպես լռում է այս մասին: Իսկ ոչ պաշտոնական ընթացակարգով տարածվող լուրերը բնականաբար ծնում են տարբեր հավանական ու անհավանական վարկածներ:
Այնտեղ, որտեղ խարդախությունը տեղի է ունենում ոչ վերեւների գիտությամբ, մենք գիտենք, թե այդ դեպքում ինչ հետեւանք է ունենում նույնիսկ «անմեղ» խարդախության բացահայտումը:
Հարգելի պաշտոնյաներ, ձեր լռությամբ ու դպրոցների մուտքը ԶԼՄ-ների առաջ փակելով՝ ուղղակի փաստում եք, որ տեղյակ եք եղել այդ խարդախություններին ու պարտակել եք դրանք:
Հակառակ դեպքում կոգեւորվեիք ՀՀ նախագահի «մտրակող» ելույթներից ու մեկը մյուսի ետեւից ինքներդ կբացահայտեիք ձեր տիրույթում կատարվող խարդախությունները՝ ցույց տալու համար, թե որքան նվիրված եք ձեր դավանած քաղաքական ուժին եւ նախագահին:
ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ
կրթության փորձագետ