Լրահոս
Օրվա լրահոսը

ԵրՃՇՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյան.«Բուհը շահ ունի ավագ դպրոցից»

Նոյեմբեր 10,2012 16:16

«Առավոտը» Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի (ԵրՃՇՀ) ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ խնդիրներ է բուհն իր առաջ դրել՝ վերակառուցելով Մ. Աբեղյանի անվան թիվ 3 հենակետային ավագ դպրոցը, որի բացումն էր երեկ:
«Դպրոցաշինությունը միայն դպրոցի շինարարությունը չէ, եւ միամիտ կլինի մտածել, թե դպրոցի լավ շենքով, լաբորատորիաներով եւ այլնով, լուծվում են կրթական խնդիրները: Մյուս կողմից էլ՝ առանց նորմալ պայմանների, հնարավոր չէ նորմալ կրթություն ապահովել»,- պատասխանեց ռեկտորը:
Նա հայտնեց, որ հենակետային ավագ դպրոց ունենալու դեպքում բուհը լուրջ շահ ունի՝ աշխատում է իր ապագա կոնտինգենտի հետ, որը վաղը նույն բուհի արդեն պատրաստված ուսանողն է դառնալու:
Իսկ ԵրՃՇՀ ընդունելության ժամանակ Մ. Աբեղյանի անվան դպրոցի սաները կունենա՞ն որոշակի առավելություններ:
Պարոն Թոքմաջյանն ասում է, որ դա ապագայի խնդիր է. «Անձամբ ես դեռ վերապահումով եմ դրան մոտենում, որովհետեւ երեխաները կարող են թուլանալ: Փայտը 2 ծայր ունի՝ առավելությունը նաեւ թուլացնում է: Մենք հենց սկզբից երեխաներին ասում ենք, եթե դուք ա՛յս ավագ դպրոցն եք ընտրել, ուրեմն պիտի սովորեք կոնկրետ այս ուղղությամբ գնալու համար: Մեր դպրոցում չեն ընդունվում միջնորդություններ՝ ուսուցիչների մոտ գումարով պարապելու համար, չեն բացակայում դասերից»:
Ռեկտորը համոզված է, որ ավագ դպրոցների համակարգը կկայանա, եթե բուհերը անմիջականորեն աշխատեն դրանց հետ, որովհետեւ այլ է, երբ բժիշկ, երաժիշտ, ինժեներ դառնալ ցանկացողները մի՛ դպրոցում են սովորում, ուրիշ է արդյունքը, երբ մասնագիտական նախասիրությունները «մարմին են առնում» համապատասխան ավագ դպրոցում:
Ինչ վերաբերում է Մ. Աբեղյանի անվան դպրոցին, Թոքմաջյանի ասելով, այստեղ գիտելիքներ չեն ստանալու՝ ընդամենը քննություն հանձնելու եւ բուհ ընդունվելու համար. «Երեխաները պիտի շատ ավելին կարողանան, քան պահանջվում է ընդունելության համար, թե չէ կարելի է անգիր անել թեստերը, ընդունվել եւ մի կես տարի հետո մոռանալ: Մենք երեխաներին մտածել ենք սովորեցնելու ու ծանոթացնելու ենք առարկաների, այսպես ասած, նուրբ հիմքերին»:
Ի դեպ, Մ. Աբեղյանի անվան դպրոցը վերակառուցվելու վրա ծախսվել է 300 մլն դրամ, ու ոչ մի լումա չի վերցվել պետական բյուջեից: Հովհաննես Թոքմաջյանն ասում է, որ 83 մլն դրամ էլ հարկ են վճարել, ամեն ինչ արել բուհի եւ Շինարարների միության միջոցով: «Այս ձեռնարկի մեջ մեծ դերակատարություն են ունեցել Շինարարների, Ճարտարապետների միությունները, մեր բոլոր գործընկերները, այդ թվում՝ «ՀայՌուսգազարդը»: Մեծ երախտագիտություն ունենք համալսարանի պրոռեկտոր Սեդրակ Սեդրակյանի հանդեպ, ով համակարգել է աշխատանքները»,- հավելեց մեր զրուցակիցը: «Եթե կարողանանք նման 2-3 դպրոց ունենալ ու մի 1000 շրջանավարտ, որից 800-ը կգա մեր բուհ ուսանելու, կկարողանանք լուծել ընդունելության խնդիրը, մանավանդ դեմոգրաֆիական եւ այլ պատճառներով՝ գնալով պակասում է դիմորդների թիվը: Մի խնդիր էլ է լուծվում. ավանդաբար ինժեներական բուհեր գնում են այն երեխաները, որոնք համեմատաբար ուժեղ չեն: Իսկ հենակետային ավագ դպրոցը հնարավորություն կտա ավելի զորեղ միտք ունեցողներին ներգրավել: Բացի այդ, ամեն ինչ սկսվում է դպրոցից, չի կարող լինել նորմալ պետություն, բարեկեցիկ կյանք, եթե չլինի համալիր կրթություն ստացած սերունդ, որը հասարակարգի հիմքն է: Մենք մեր երեխաներին դաստիարակում ենք նաեւ որպես ինտելիգենցիայի ներկայացուցիչներ: Պատահական չէ, որ երբ Բեռլինում Հումբոլտը ժամանակին համալսարան էր ստեղծում, ասում էր՝ համալսարանական կրթությունը  եռյակ կրթություն է (ուսուցում, հետազոտություն եւ հումանիտար կրթություն)»:
Հովհաննես Թոքմաջյանը տպավորվել է, որ դպրոցի երեխաները ջերմորեն են ծափահարել բացման օրը իրենց հարկի ներքո հանդես եկած Երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբին, եւ սա այն դեպքում, երբ մեր օրերում գերիշխողը ռաբիս երաժշտությունն է ու պարզունակ սերիալները. «Բուհում երեխաների հետ աշխատում ենք 4 տարի բակալավրիատում, 2 տարի՝ մագիստրատուրայում: Ավագ դպրոցի պարագայում գումարվում է եւս 3 տարի, հանրագումարում ստացվում է՝ 9-ը: Հաստատ 9 տարում հնարավոր կլինի այդ հանճարեղ «խմորից» ստանալ այն, ինչ մեզ պետք է՝ ստանալ երկրի վաղվա սերուցքը: Մենք ավելի «հետ» գնալու նպատակ էլ ունենք, գուցե միջին դպրոցի հետ էլ սկսենք աշխատել: Իսկ այս պահին բուհն ունի «Աստղիկ» ակումբ, որտեղ 6-10 տարեկան երեխաները նկարել եւ շախմատ խաղալ են սովորում»:
Ռեկտորը, դառնալով դպրոցի վերակառուցմանը, հայտնեց, որ Երեւանի քաղաքապետարանը տվել է հարեւանությամբ գտնվող վթարային շենքի հաշվին դպրոցի ընդլայնման նախագիծ. կկառուցվի 2 նոր մասնաշենք, սպորտային համալիր՝ լողավազանով, պրոֆեսիոնալ բեմահարթակով, մարզաբնակ սաների համար էլ՝ հանրակացարան:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930